Կեղծ տեղեկությունը՝ Մառնեուլիում բողոքի ցույցի առիթ

Մառնեուլիում քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույց էր: Տեղում գյուղերի բնակիչներ են եղել, տասնյակ քաղաքացիները քաղաքապետարանից պահանջել են սոցիալական օգնություն: Ալիք մեդիային տեղում հավաքվածները հայտնել են, որ քաղաքապետարանի խոստացած սոցիալական օգնությունը ստանալու նպատակով են եկել: Քաղաքացիները նշել են, որ անհայտ է թե կոնկրետ որ խմբերին է տրվելու սոցիալական օգնությունը:

«Վիրուսից չենք մահանա, սովից կմահանանք»,- վանկարկել են քաղաքացիները:

Ցույցին արձագանքել է Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալլին և սոցիալական ցանցում հայտարարություն տարածել:

«Ցավոք, բնակչության շարքերում տարածվել է տեղեկություն, որ օգնություն պետք է ստանան բոլորը: Այս օգնությունը որոշակի խմբի համար, մենք գիտենք, ցուցակներ ունենք, կգնանք նրանց տներ, կօգնենք: Շատ եմ խնդրում, ինչպես երեք շաբաթ առաջ խնդրում էին Իտալիայի քաղաքապետները, մնացեք տանը, չկրկնվի այն ինչ եղավ Իտալիայում»,- գրել է Զաուր Դարգալլին:

Մառնեուլիի քաղաքապետարանը այս պահի դրությամբ մթերքով ապահովել է մինչև 1000 ընտանիք: