2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում հակասական տրամադրություններ են տիրում:
Ընդդիմության մի մասը պնդում է՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելը լեգիտիմություն կտա «Վրացական երազանք»-ի ձևավորած խորհրդարանին, կառավարությանն ու մյուս ինստիտուտներին, մյուս մասը հակառակ կարծիքի է. ասում են՝ չմասնակցելը «Վրացական երազանք»-ին թույլ կտա միայնակ մասնակցել ընտրություններին ու բացարձակ հաղթանակ տանել: Փորձագիտական շրջանակներում ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցության վերաբերյալ կարծիքները ևս հակասական են:
Ինչ են ասում փորձագետները
«Ռոնդելի հիմնադրամ» Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Կախա Գոգոլաշվիլին կողմ է ընդդիմության մասնակցությանն ընտրություններին։ Ըստ Գոգոլաշվիլիի՝ ընդհանուր առմամբ, «բոյկոտն անշահավետ է ընդդիմության համար, օգտակար՝ ավտորիտար ռեժիմների համար»։
Գոգոլաշվիլին ասել է. «Բոյկոտների դեպքում ավտորիտար ռեժիմը դառնում է ավելի ուժեղ, զբաղեցնում է քաղաքական ինստիտուտների ողջ տարածքը, տեղ չի թողնում դիմադրության համար և ուշադրություն է գրավում իր վրա։ Միաժամանակ, փողոցներում հաջողության չհասնող ընդդիմադիր կուսակցությունները թուլանում են, բնակչության աջակցությունը նվազում է, և նման կուսակցությունները փլուզվում են։ Ընդդիմադիր կուսակցություններն անհետացել են Ադրբեջանում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում»։
Գոգոլաշվիլին աջակցել է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ընդդիմության հայտարարած բոյկոտին, երբ նրանք չմտան օրենսդիր մարմին։ Նա հիմա էլ չի փոխել իր դիրքորոշումը. կարծում է՝ այդ գործընթացը նպաստել է «Վրացական երազանք»-ի կառավարության «ապալեգիտիմացմանը», և այդ իրավիճակը չի կարող փոխվել ՏԻՄ ընտրություններին մասնակցելով։
Նրա դիտարկմամբ՝ «ընտրությունները ավելի լավ ցույց կտան ռեժիմի դեմքը». «Եթե ընդդիմությունը չօգտագործի ընտրություններում հաղթելու հնարավորությունները և մնա միայնակ փողոցներում, մենք կստանանք ավելի արմատացած ռեժիմ, որը հեշտությամբ չի հրաժարվի իշխանությունից. բանակը, դատարանը իրենցն են, և նրանք ավելի շատ փող ունեն, քան դուք… Եվ այդ դեպքում մնում է միակ ճանապարհը՝ հեղափոխության ճանապարհը։ Բայց սա անիրատեսական է, նաև ամենաանընդունելի ճանապարհն է այս երկրի համար»։
Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին կարծում է. «Եթե ընդդիմությունն ասում է` պետք չէ մասնակցել ընտրություններին, ի՞նչ ռեսուրսներ ունի ոչ ընտրական միջոցներով իշխանափոխության համար»:
Ըստ նրա՝ «եթե ընդդիմությունն ընտրի այլընտրանքային, ոչ ընտրական ուղի, ապա պետք է ոտքի կանգնի և օգտագործի բողոքի ցույցերի ռեսուրսը, խլի կառավարությանն աջակցությունը՝ կրճատելով մինչև 20 տոկոս։ Բայց արդյո՞ք ընդդիմությունն ինչ-որ բան անում է դրա համար»։ Խուխաշվիլիի խոսքով, քաղաքական գործիչները դարձել են մեկնաբաններ` գործելու փոխարեն։
Նախկին դիվանագետ, հանրահավաքների մշտական մասնակից Դավիթ Չխեիձեն կարծում է, որ ներկա պայմաններում ընդդիմությունը չպետք է մասնակցի ընտրական մարաթոնին։ Նրա խոսքով, այսօր խախտվում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է ընտրությունների շրջանում.
«Չկա համապատասխան իրավական միջավայր։ Ես նկատի ունեմ գործող ընտրական վարչակազմը, բռնաճնշող օրենսդրությունը, այդ թվում՝ ոչ կառավարական հատվածի, լրատվամիջոցների և դիտորդների դեմ։ Այն, ինչ բավարար չէր 2024 թվականի ընտրությունների ժամանակ, հետագայում ավելի է վատթարացել բոլոր չափանիշներով»։
Չխեիձեն որպես պատճառ նաև նշում է «շարունակական բռնաճնշումները և քաղաքական սպեկտրի անպատրաստութունը»: Չխեիձեն ընդգծում է, որ ընդհանուր առմամբ ընտրությունները համարում է ժողովրդավարության գլխավոր հենասյունը։ Նա կարծում է, որ ընտրական գործընթացին մասնակցելուց հրաժարվելը վնասում է ժողովրդավարությանը, բայց Վրաստանում ստեղծված իրավիճակում չի տեսնում ընտրությունների արդար անցկացման հեռանկարը։
Ինչ են ասում ընդդիմությունն ու «Վրացական երազանք»-ը
Վրաստանի 5-րդ նախագահի ստեղծած «Դիմադրության հարթակ»-ի ներկա կամ նախկին մասնակիցներից, նախնական տեղեկությունների համաձայն, ընտրություններին պատրաստվում են «Ուժեղ Վրաստան» կոալիցիան և «Վրաստանի համար» կուսակցությունը։ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը և «Միասնություն — Ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել են կտրուկ մերժման մասին։ «Ազատության հրապարակ»-ը նույնպես հայտարարել է, որ չեն մասնակցի։ «Ֆեդերալիստներ» կուսակցությունը ստեղծված իրավիճակում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը համարում է վնասակար։
«Դիմադրության հարթակ»-ի ծրագրի համաձայն, «մինչև վերջ պայքարը» ունի երեք բաղադրիչ.
- հանրային միասնություն/բողոք,
- Արևմուտքի/գործընկերների աջակցություն,
- քաղաքական այլընտրանքի ստեղծում։
«Դիմադրության հարթակ»-ը ստեղծած 5-րդ նախագահ Զուրաբիշվիլիի խոսքով, անհրաժեշտ է ձևավորել հաշվետու քաղաքական ուժ, քանի որ ոչ մի ընդդիմադիր կուսակցություն, առանձին վերցրած, չունի այդ գործառույթը իրականացնելու ռեսուրսներ։ 5-րդ նախագահի համար միասնությունը չի նշանակում միակուսակցական կառավարում, այլ կոալիցիա, երբ, ի թիվս այլ բաների, բոլորը պաշտպանում են բոլորի ձայներն ընտրությունների ժամանակ։
Իշխող «Վրացական երազանք»-ը պատրաստվում է ընտրությունների և իր հակառակորդներին վերացնելու նպատակի իրագործմանը: «Վրացական երազանք»-ը կրկին խոսում է ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու իր ծրագրի մասին, որը նրա նախընտրական խոստումն էր։ «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար, վարչապետ Կոբախիձեն մայիսի 28-ին հայտարարել է, որ «Հավաքական ազգային շարժման» դեմ համապատասխան հայցը շուտով կներկայացվի Սահմանադրական դատարան, և այդ հայցը հիմնված է վիճահարույց խորհրդարանական քննչական հանձնաժողովի եզրակացությունների վրա։
Ավելի վաղ բազմիցս ասվել է, և Կոբախիձեն կրկին նշել է, որ «Հավաքական ազգային շարժում»-ը, բացի «Միացյալ ազգային շարժում»-ից, վերաբերում է նաև «Կոալիցիա փոփոխությունների համար» կոալիցիային, «Ուժեղ Վրաստան»-ին և «Վրաստանի համար» կուսակցությանը։
Իշխող կուսակցությունը ակտիվորեն պատրաստվում է հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրություններին, սակայն միաժամանակ «Վրացական երազանք» կուսակցությունից խոշոր գործիչների հեռանալը, որոնք ոչ վաղ անցյալում համարվում էին իշխող կուսակցության հենարանը, ընդդիմությանը առիթ է տալիս խոսելու համակարգի թուլացման և փլուզման նշանների մասին։
Եվ չնայած ՏԻՄ ընտրություններին մնացել է 4 ամսից էլ պակաս ժամանակ, հստակ կարծիք՝ արդյո՞ք ընդդիմությունը պետք է մասնակցի, թե՝ ոչ, միասնական կարծիք չկա թե՛ ընդդիմադիրների, թե՛ հասարակության, թե՛ փորձագետների շրջանում։
Ինչ տրամադրություն կա ընտրողների շրջանում. հարցում
2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընտրողների մեծ մասը սպասում է նոր ուժի։
Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի (ISSA) փետրվարին հրապարակած հարցման համաձայն, բնակչության մեծամասնությունը համամիտ է ամենօրյա բողոքի ցույցերի երկու հիմնական պահանջներին՝ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատ արձակում (76.3 տոկոս) և նոր խորհրդարանական ընտրությունների նշանակում (62 տոկոս)։
Հարցվածների 67.1 տոկոսն անընդունելի է համարում «Վրացական երազանք»-ի կառավարության հայտարարած որոշումը (2024 թվականի նոյեմբերին)՝ եվրաինտեգրման անհրաժեշտ փուլը՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելը մինչև 2028 թվականի վերջը հետաձգելու վերաբերյալ։