ՏԻՄ ընտրություններն առանց դիտորդական կազմակերպությունների

2025 թվականի հոկտեմբերի 4-ի Վրաստանում կայանալիք ընտրությունները կանցկացվեն առանց փորձառու և անկախ դիտորդների, դրանց թվում` առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ISFED-ի և այլն, որոնք բազմիցս դիտարկել են վրաստանյան ընտրությունները. փոխարենը ՏԻՄ ընտրությունները դիտարկելու են Թունիսի անկախ գերագույն ընտրական մարմինը, Հորդանանի անկախ ընտրական հանձնաժողովը և այլն։

Այս կապակցությամբ անհանգստություն են հայտնել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և հասարակության այլ ներկայացուցիչներ. նրանց կարծիքով` վրաստանյան ընտրություններին բացմիցս հետևող և վստահելի դիտորդների բացակայությունն ավելի է բարդացնում Վրաստանի առանց դրա էլ լարված իրավիճակը։

Ըստ ԿԸՀ-ի՝ Վրաստանում ընտրությունները կդիտարկեն ընդհանուր առմամբ 20 տեղական և միջազգային հետևյալ կազմակերպությունները

Միջազգային դիտորդներ

•Հորդանանի անկախ ընտրական հանձնաժողով
• Թունիսի անկախ գերագույն ընտրական մարմին
• Մալդիվների Հանրապետության ընտրական հանձնաժողով
• Թուրքիայի Հանրապետության գերագույն ընտրական խորհուրդ
• Եթովպիայի ազգային ընտրական խորհուրդ
• Չեռնոգորիայի պետական ​​ընտրական հանձնաժողով
• Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական ընտրական հանձնաժողով
• Հարավային Աֆրիկայի ընտրական հանձնաժողով
• Բուլղարիայի կենտրոնական ընտրական հանձնաժողով
• Ղրղզստանի կենտրոնական ընտրական և հանրաքվեի հանձնաժողով
• ALTERFACT միավորում

տեղական դիտորդներ

  1. «Իրավաբանների և իրավաբանների միջազգային դիտարան»
  2. «Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների վերլուծական և կազմողական կենտրոն»
  3. «Ազատ սերնդի ասոցիացիա»
  4. «Վրաստանի մասնագիտական ​​կրթության և որակավորված անձնակազմի պատրաստման աշխատողների և ուսանողների մասնագիտական ​​միություն»
  5. «Ժողովրդավարության և իրավունքների պաշտպանության կենտրոն»
  6. «Զանգվածային լրատվամիջոցների և իրավունքների պաշտպանության կենտրոն»
  7. «Քաղաքականության և իրավունքի դիտորդ»
  8. «Իրավունքի և քաղաքականության հետազոտությունների ինստիտուտ»
  9. «Քաղաքացիական զարգացման և մոնիթորինգի կենտրոն»

Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ այս սխեման միջազգային ճանաչում ունի որպես «կեղծ դիտարկում»։

«Յուրաքանչյուր ընտրության ժամանակ մենք տեսնում ենք որոշակի խմբեր, կազմակերպություններ, որոնք գրանցվում են որպես դիտորդական կազմակերպություններ։ Այս երևույթը միջազգային մակարդակով անվանում են «կեղծ դիտորդներ»։ Սա տարածված երևույթ է այնպիսի երկրներում, ինչպիսին Վրաստանն է. կան որոշակի խմբեր, որոնք որոշակի գումարի դիմաց կարող են դիտարկել ընտրությունները և պատրանք ստեղծել, որ իրականում կա ընտրությունների դիտարկում։

Նրանք կարող են նույնիսկ հրապարակել զեկույցներ, որոնք սովորաբար դրական են», — ասել է Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերության գործադիր տնօրեն Լևան Նատրոշվիլին։

Փորձագետների կարծիքով՝ «Վրացական երազանք»-ի կառավարությունը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի իրական, արդար և ժողովրդավարական ընտրություններ չանցկացվեն։ Ահա թե ինչու փորձառու տեղական և միջազգային կազմակերպությունները չեն դիտարկի 2025 թվականի ընտրությունները։

Իր 31-ամյա գոյության ընթացքում առաջին անգամ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն ևս չի դիտարկելու ՏԻՄ ընտրությունները. Հոկտեմբերի 4-ի ընտրությունները չի դիտարկի նաև «Արդար ընտրություններ»-ը(ISFED). այս կազմակերպությունը դիտարկել է Վրաստանի բոլոր ընտրությունները 1995 թվականից ի վեր:

Դրանց թվում է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Սա ամենահայտնի և հեղինակավոր միջազգային կազմակերպությունն է, որը դիտարկում է ընտրությունները ողջ աշխարհում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մշտապես Վրաստանում դիտարկել է ընտրությունները:

Հարկ է նշել, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը հրավիրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին այն ժամանակ, երբ այս կազմակերպության ընտրությունների դիտարկման նախապատրաստական ​​​​ժամանակահատվածն արդեն ավարտվել էր:

Ավելի վաղ «Վրացական երազանք»-ի առաջնորդ և արդեն ՊԱԾ ղեկավար Մամուկա Մդինարաձեն խոսել էր առաջիկա ՏԻՄ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ դա որոշիչ դեր չի խաղում:

«Կարող ենք հրավիրել, կարող ենք՝ ոչ։ Դա մենք ենք որոշելու», — հայտարարել էր Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ինքն էլ մեծ ցանկություն չի հայտնել դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Դրանից հետո՝ հուլիսի 7-ին հրապարակված հայտարարության մեջ ԺՀՄԻԳ-ը «ափսոսանք է հայտնել Վրաստանի իշխանությունների հայտարարած մտադրության համար՝ չհրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու, ինչը շեղում է Վրաստանի վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատված և հետևողական պրակտիկայից»։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը նշել էր` այն փաստը, որ ո’չ միջազգային, ո’չ տեղական լրջագույն դիտորդական առաքելությունները չեն լինելու կայանալիք ՏԻՄ ընտրություններում, նշանակում է, որ այս ընտրությունների մակարդակը, որակը և թափանցիկությունը հարցականի տակ է, նաև սահմանափակում է միջազգային հանրության կողմից ընտրությունների լեգիտիմությունը ճանաչելու հավանականությունը:

«Այս տարվա ՏԻՄ ընտրությունները շատ ավելի սահմանափակ է նախկին՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից, որտեղ չնայած կային ինչպես միջազգային, այնպես էլ տեղական դիտորդական առաքելություններ, միևնույն է՝ ընտրություններն ավարտվեցին շատ լուրջ խախտումներով և խնդիրներով», — ասել էր Թումասյանը:

Հատկանշական է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը դիտարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում դեռևս 2006, 2010, 2017 և 2021 թվականներին։

Այս թեմային առնչվող հայտարարություն էր հրապարակել Երիտասարդ իրավաբանների ասոցիացիային (ISFED)՝

«2025 թվականի հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են Վրաստանի ժամանակակից պատմության ամենադժվար և խիստ քաղաքական ու իրավական միջավայրի պայմաններում։

Երկրում ժողովրդավարության նահանջը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշողական քաղաքականությունը, սահմանափակող օրենքների ընդունումը, նաև ընտրական օրենսդրության շրջանակներում դիտորդների համար իրավական շրջանակի վատթարացումը գործնականում անհնար են դարձնում մեզ համար լիարժեք դիտորդական առաքելություն ձևավորումը և ընտրությունների դիտարկումը։

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը և պարբերաբար հանրությանը ներկայացնելու է առկա իրավական միջավայրի գնահատականը», — կարդում ենք Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2025 թվականի սեպտեմբերի 24-ին հրապարակած հայտարարության մեջ։

ISFED-ի գնահատականի համաձայն՝ Վենետիկի հանձնաժողովի ընտրական նորմերի օրենսգրքի երեք պայմանները, որոնք ներառում են հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը, ընտրական օրենսդրության կայունությունը և ընթացակարգային երաշխիքների առկայությունը, մեծ մասամբ չեն կատարվել, ինչը զգալիորեն սահմանափակում է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների հնարավորությունը։
Հետևաբար, ISFED-ը չի դիտարկի քաղաքային ընտրությունները ստանդարտ դիտորդական առաքելությամբ և մեթոդաբանությամբ, սակայն կազմակերպությունը կշարունակի վերահսկել և գնահատել ընթացող քաղաքական և ընտրական գործընթացները։

ISFED-ը կարծում է, որ ընտրական միջավայրի առումով ոչինչ չի բարելավվել։

«Այս ընտրություններում չեն լինի ո՛չ տեղական, ո՛չ միջազգային դիտորդներ, որոնք ունեն որոշակի հեղինակություն, որոնց խոսքին և պրոֆեսիոնալիզմին վստահում են։ Սա, իհարկե, այլ գործոնների շարքում էականորեն կստվերի այս ընտրությունները։

Ընտրությունների դիտարկման բաղադրիչը հատկապես կարևոր է այն երկրներում, որտեղ չկա բարձրորակ ժողովրդավարություն, քանի որ Վրաստանն այն երկրներից չէ, որտեղ ժողովրդավարությունն արդեն իսկ կայացած է, և ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձր է», — ասել է Լևան Նատրոշվիլին։

Նշենք, որ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լուսաբանելու լիազորություն (ակրեդիտացիա) է ստացել շուրջ 50 մեդիա կազմակերպություն. դրանց թվում են՝ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը, «Պուբլիկա»-ն, OC Media-ն, «Ֆորմուլա»-ն, POSTV-ն, InterPressNews-ը, Ռուսթավի 2-ը, Մառնեուլի TV-ն,  «Սամցխե-Ջավախեթիի լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ»-ը, «Գազետ Բաթումելեբի»-ն և այլն. ամբողջական ցուցակը տեսնելու համար անցեք հղմամբ։