Հակաարևմտյան ապատեղեկատվության ազդեցությունը Վրաստանի հայ համայնքի վրա

Նախորդ փետրվարից ծավալված ռուս-ուկրաինական պատերազմը Վրաստանում հակաարևմտյան ապատեղեկատվության ալիքի և պրոռուսական քարոզչության պատճառ է դարձել` անմասն չթողնելով նաև երկրում ապրող ազգային փոքրամասնություններին:

Եվրոպայի հիմնադրամի պատվերով, Կովկասյան հետազոտությունների կենտրոնի (CRRC) 2021 թվականի հետազոտության համաձայն՝ էթնիկ փոքրամասնությունները, այդ թվում հատկապես հարցված հայերի մոտ կեսը՝ 49%-ը, դեմ է Վրաստանի վարած արևմտյան արտաքին քաղաքականությանը:

Վրացերենի չիմացության պատճառով Վրաստանի հայերը տեղեկատվություն հիմնականում ստանում են ռուսական և ռուսալեզու աղբյուրներից, արդյունքում հայտնվում են ռուսական քարոզչության ազդեցության տակ, որը թիրախավորված հակաեվրոպական տեղեկություն է տարածում:

Վերջին ամիսներին Վրաստանի՝ ԵՄ անդամի կարգավիճակ չստանալուց հետո, ակտիվացել է նաև իշխանության ներկայացուցիչների հակաեվրոպական հայտարարությունների ալիքը, ինչը կարող է էլ ավելի սրել էթնիկ հայերի ու ողջ Վրաստանի բնակչության շրջանում գոյություն ունեցող հակաարմտյան տրամադրությունները:

Վարչապետը՝ Իրակլի Ղարիբաշվիլին, իշխանական որոշ պաշտոնյաների հայտարարություններին զուգահեռ, առաջ էր քաշում քարոզչական այն թեզը, թե Վրաստանին փորձում են օգտագործել պատերազմի երկրորդ ճակատ բացելու ուղղությամբ․ «Արևմուտքը փորձում է Վրաստանը երկրորդ ճակատ դարձնել»:

CRRC-ի 2022-ի սեպտեմբերին հրապարակած հետազոտության արդյունքներով՝ Վրաստանում հարցվածների 17 տոկոսը կարծում է, որ Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ կստանար, եթե Ռուսաստանի Դաշնության հետ երկրորդ ճակատ բացեր։

Նույն ժամանակահատվածում բրիտանական հետազոտական ZINC network-ի և ամերիկյան USAID-ի կողմից հրապարակված հետազոտության համաձայն, էթնիկ հայերն այն խումբն են, ովքեր ամենաշատն են դեմ (24%) ԵՄ ինտեգրմանը: Հիմնական պատճառներն են՝

  1. Վրաստանը կկորցնի իր տարածքները (37%)
  2. ԵՄ ինտեգրումը կխանգարի Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալուն (35%)
  3. Վրաստանը չի կարող անկախ որոշումներ կայացնել (31%)
Աղբյուր՝ Zinc network

Նույն հարցման համաձայն՝ էթնիկ հայերն ամենաշատն են ցանկանում՝ շուրջ 29%-ը, որ ռազմական դաշինքներից Վրաստանն ընտրի հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ գործող ՀԱՊԿ-ին, 27%-ը՝ կողմ է եվրոպական անվտանգությունն ապահովող ՆԱՏՕ-ի ինտեգրմանը, իսկ 26%-ը նախընտրում է ռազմական չեզոքություն:

 

Վրաստանի Բարեփոխումների ասոցիացիայի վերլուծաբան Կոբա Լաչաշվիլիի կարծիքով Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունները հատկապես խոցելի են ռուսական քարոզչության նկատմամբ։

 

«Օրինակ, հայալեզու բնակչության շրջանում Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման աջակցությունը հաճախ բավականին ցածր է եղել, ինչը մասամբ կարելի է բացատրել ռուսական քարոզչական հաղորդագրությունների տարածմամբ, ըստ որի, եթե Վրաստանն անդամագրվի ՆԱՏՕ-ին, թուրքական բանակը տեղակայվելու է Սամցխե-Ջավախեթիի շրջանում», — ասում է նա:

Հատկանշական է, որ այս մտավախություններն ու հակաեվրոպական տրամադրությունները Վրաստանի էթնիկ հայերի շրջանում առկա են տարիներ շարունակ:

Ըստ CRRC-ի, Վրաստանի հայերի 35%-ը և ադրբեջանցիների 17%-ը կարծում են, որ Եվրամիությունն աջակցում է Վրաստանին, քանի որ ցանկանում է երկիրն իր ազդեցության տակ առնել:

Հայերի 43%-ը և ադրբեջանցիների 29%-ը, ովքեր չեն աջակցում Եվրամիությանը Վրաստանի անդամակցմանը, կարծում են, որ այն  կվատթարացնի  երկրում կենսական պայմանները, քանի որ ԵՄ-ն այսօր ինքն ունի տնտեսական խնդիրներ (Caucasus Research Resource Centers, 2019): Եվրոպական հիմնադրամի 2019 թվականի ուսումնասիրության համաձայն՝ 2013-2019 թվականներին Վրաստանում Եվրամիությանն անդամակցել ցանկացողների թիվը էթնիկ փոքրամասնությունների շրջանում անընդհատ նվազում էր։

Ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնի հետազոտող Քեթի Մուրղուլիան վստահ է, որ «կրեմլիստական խմբերի» հիմնական թիրախը հենց էթնիկ փոքրամասնություններն են.

«Բազմաթիվ հետազոտություններ հաստատում են, որ հակաարևմտյան ապատեղեկատվության ամենախոցելի խմբերը՝ էթնիկ փոքրամասնությունները, հիմնականում օգտվում են ռուսական քարոզչական ալիքներից, որոնց միջոցով էլ փոքրամասնություններին համոզում են, թե գոյություն ունեն արևմտյան դավադրության տարատեսակ տեսություններ: Իսկ սա լուրջ վտանգ է Վրաստանի արևմտամետ արտաքին քաղաքականության համար: Նաև գոյություն ունի այսպիսի միտում. եթե էթնիկ փոքրամասնությունները հնչեցնում են արևմտամետ հայտարարություններ, պրոռուսական խմբերը նրանց հետապնդման թիրախ են դարձնում»։

Մուրղուլիան վստահ է, որ էթնիկ հայերի հակաեվրոպական մոտեցումները կապված են նրանց տեղեկության աղբյուրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ սերտ կապի հետ՝ ելնելով այն բանից, որ նրանց ընտանիքների անդամներից շատերը բնակվում են Ռուսաստանում, հետևաբար Ռուսաստանի հետ կապն ավելի սերտ է, քան ԵՄ-ի:

Հատկանշական է, որ Վրաստանում վերջին ամիսների ընթացքում հակաարևմտյան նարատիվներ տարածում են մի քանի խմբեր, դրանցից մեկն իշխանական ուժերն են, մյուսը՝ պրոռուսական կազմակերպությունները, իսկ հիմնական նարատիվները հետյալն են՝ Վրաստանը չստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չբացելու պատճառով: Ակտիվ նարատիվների շարքում էր նաև Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու հարցը. «Ուկրաինան օգնում է Վրաստանի ընդդիմությանը հեղափոխություն կազմակերպելու հարցում, այդ պատճառով էլ խնդրել է ԵՄ-ին՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտալ»։

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում  փաստերի ստուգման «Փաստ-մետր» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Կոբա Լաչաշվիլին ամփոփում է վերջերս տարածված հակաարևմտյան ապատեղեկատվական հոսքերը:

1) Արևմտյան հավակնությունները պատերազմի մեջ ներքաշեցին Ուկրաինային, և նույնը կպատահեր Վրաստանի հետ,

2) Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է, և ավելի լավ է ինքներս դառնանք Ռուսաստանի դաշնակիցը։

Տարբեր ռուսամետ խմբեր հանրությանը երկու տարբեր քաղաքականություն են առաջարկում.

 1) Վրաստանը պետք է չեզոքություն հայտարարի: Այս ուղղությամբ լոբբինգ էր անում «Հայրենասերների դաշինքը», հատկապես գարնանը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքում, երբ քննարկվում էր Ուկրաինայի չեզոքության մասին հռչակագիրը։ «Հայրենասերների դաշինքը» պնդում էր, որ չեզոքությունը լինելու է Վրաստանի անվտանգության երաշխիքը։

2) «Alt-Info»/«Պահպանողական շարժումը» և հարակից խմբերը պահանջում էին, որ Վրաստանը վարի ուղիղ ռուսամետ արտաքին քաղաքականություն և դառնա Ռուսաստանի դաշնակիցը, այդ թվում՝ քննարկելով Վրաստանում ռուսական ռազմաբազաներ տեղակայելու  հարցը», — ասում է Լաչաշվիլին:

Հիշեցնենք՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ասոցացման եռյակը՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը անհապաղ անդամակցելու հայտով դիմեցին եվրոպական բարձրագույն կառույցին: Արդյունքում՝ ի տարբերություն մյուս երկու գործընկերների, հունիսի 26-ին Վրաստանը ԵՄ-ից մերժում ստացավ, փոխարենը ընդունվեց երկրի եվրոպական հեռանկարը: Մերժման պատճառը պահանջների չբավարարումն էր։ Եվրամիության անդամի կարգավիճակ ստանալու ճանապարհին Վրաստանին հանձնարարվեց իրականացնել տասներկու կետանոց պայմանները:

Շարունակելի…