Տրամվայի գծի շինարարության նոր մրցույթ

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել էր տրամվայի գծի նախագծման և շինարարության մրցույթ։

Ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի՝ մրցույթի նկատմամբ մեծ է հետաքրքրություն են ցուցաբերել արտասահմանյան որակյալ ընկերությունները, և ակտիվորեն ընթացել է անհրաժեշտ տեխնիկական պարամետրերի ու ընթացակարգերի ճշգրտում. սակայն տրամվայի շինարարության իրականացման համար մրցութային փաստաթղթերում տեխնիկական պարամետրերի և ընթացակարգերի շտկման անհրաժեշտություն է ծագել։

«Ըստ այդմ՝ որոշում ենք կայացրել դադարեցնել ընթացիկ մրցույթը և համապատասխան փոփոխություններով հայտարարել նորը, որը հրապարակվել է սույն թվականի փետրվարի 13-ին՝ Ասիական զարգացման բանկի (ADB) գնումների կանոններով։ Փոփոխությունը կնպաստի, որ հնարավորինս շատ օտարերկրյա որակյալ ընկերություններ հետաքրքրվեն և հայտ ներկայացնեն նշված նախագծի իրականացման համար։ Մրցույթի ավարտի ժամկետ է սահմանվել մարտի 31-ը։ Փոփոխությունը չի վերաբերել նախագծի բյուջեին և կատարման ժամկետին»,- ասել է Կալաձեն։

Տրամվայի գիծը կսկսվի Մեծ Դիղոմիի 3-րդ և 4-րդ միկրոշրջանների հատման հարակից տարածքից, որը Դավիթ Աղմաշենեբելիի ծառուղով և Դիղոմիով կմիանա մետրոյի «Դիդուբե» կայարանի հարակից տարածքին։ Տրամվայի գծի նպատակն է լինելու Մեծ Դիղոմիի բնակավայրը կապել մետրոպոլիտենի գծին և դրանով իսկ ապահովել արագ կապ քաղաքի կենտրոնի հետ։ Տրամվայի գծի մոտավոր երկարությունը սահմանվել է 7,5 կմ, որտեղ տեղակայված կլինի 11 կանգառ։

«Նշված մրցույթը, բացի բուն գծի նախագծումից և շինարարությունից, ներառում է նաև համապատասխան ենթակառուցվածքի՝ դեպոյի կառուցումը։ Դեպոյում կկառուցվեն գլխավոր և օժանդակ (վթարային-տարհանման) մուտքեր ու ելքեր, տրամվայի կազմերի փակ կայանատեղի, վարչական շենք, արտադրական (սպասարկման կենտրոնի) շենք, լվացման կայան, պահեստային տնտեսություններ՝ ըստ կատեգորիաների։ Կտեղադրվեն տրամվայի գծի անխափան գործունեության համար անհրաժեշտ ինժեներական հաղորդակցության բոլոր համակարգերն ու ցանցերը»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ նշված նախագծի իրականացման ժամկետ է սահմանվել պայմանագրի ստորագրումից սկսած 36 ամիսը, իսկ նախագծի արժեքը կազմում է 416 մլն 592 հազար լարի։