ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` UNICEF-ը, հրապարակել է Վրաստանում երիտասարդների հմտությունների և կարողությունների վերաբերյալ նոր ուսումնասիրություն։
Հարցումն անցկացվել է 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և ընդգրկել է յոթ շրջան՝ Թբիլիսի, Թելավի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Գորի, Ախալցիխե և Ախալքալաք։
Հետազոտությանը մասնակցել են տարբեր ազգեր ներկայացնող և ակադեմիական ծագում ունեցող 155 ուսանողներ։
Ըստ հետազոտության արդյունքների`
- Հարցվածների մեկ քառորդի համար դժվար է միտքը պարզորոշ արտահայտել․ նրանք օգտագործում են աղքատ բառապաշար, բարդ խնդիր է գրավոր արտահայտվելը` հատկապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։
- Ամեն երեք հարցվածից մեկը դժվարանում է փաստարկներ գտնել, ինչը նշանակում է, որ չունեն բանավեճի փորձ։
- Մեծամասնությունը դժվարանում է արտահայտվել սահուն, թույլ են տալիս սխալներ, օգտագործում են ժարգոնային բառապաշար։
- Հարցվածների 92 տոկոսն ասում է, որ գիտի անգլերեն։
- Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները բավարար մակարդակով չեն տիրապետում վրացերենին՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։
- Հարցվածները լավ են տեղեկացված շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին։
- Դժվարանում են տարբերել իրական և կեղծ տեղեկատվությունը։
- Տիրապետում են թվային տեխնոլոգիաներին, բայց թույլ են կիբերանվտանգության հարցում։
- Վախենում են, որ տեխնոլոգիաների զարգացման պատճառով մարդը կարող է կորցնել աշխատանքը, ավանդույթները, մարդկային փոխհարաբերությունները։
- Ապագային նայում են լավատեսորեն, սակայն շատերին անհանգստացնում են անորոշությունը և կլիմայի փոփոխության հետ կապված սպառնալիքները։
- Չունեն անձնային զարգացման պլան և հասանելիություն ոչ ֆորմալ կրթությանը։
- Ճանաչում են ժողովրդավարական արժեքները, բայց անբավարար վստահությամբ։
- Ընդունում են, որ գիտությունը, տեխնոլոգիաները, ինժեներիան և մաթեմատիկան (STEM) կարևոր են, սակայն չեն գիտակցում դրանց կապն առօրյա կյանքի հետ կամ, օրինակ, այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու էներգետիկան։
Հոգեկան առողջության հարցը նույնպես կարևորել են UNICEF-ի ուսումնասիրության մասնակիցները։ Հարցվածներից շատերը խոսել են բուժման հասանելիության բացակայության մասին։
ՄԱԿ-ի հիմնադրամը կարծում է, որ անհրաժեշտ է զարգացնել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությունը հատկապես մարզերում և ամենախոցելի խմբերի շրջանում։ Պետք է մշակվեն թվային ուսուցման հարթակներ, որպեսզի ուսանողները կարողանան հեռավար սովորել։
Ավելի շատ հնարավորություններ պետք է տրվեն ազգային փոքրամասնություններին։
Պետք է նաև բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածությունը։