Ռուսաստանը սպառնում է Վրաստանին. խորը փակուղուց ելքը չի երևում

Ռուսաստանը Վրաստանին ընտրության առջև է կանգնեցրել՝ սպառնալով՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման դեպքում, Վրաստանին տհաճ անակնկալ մատուցել: Ռուսաստանի հարավային հատվածում նոր ձևավորվող 80-100 հազարանոց զորքը, Անակլիայի նավահանգստի բացումը Վրաստանում ու Մոսկվայի սպառնալիքները. Վրաստանում շրջանառվող վերջին շրջանի թերևս ամենաակտուալ թեմաներն են: Քաղաքական հանրությունն ակտիվորեն քննարկում է Մոսկվայի հաղորդագրությունները:

Փետրվարի 27-ին Պրահայում տեղի է ունեցել Աբաշիձե-Կարասին ձևաչափում այս տարվա առաջին հանդիպումը: Նախքան հանդիպման մեկնարկը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ վրաց գործընկերները տհաճ անակնկալների պետք է սպասեն, ինչը վրաց հանրության կողմից ընկալվել է որպես սպառնալիք: Մեծ արձագանքի է արժանացել նաև Կարասինի մեկ այլ հայտարարություն՝ «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցում նա խոսում է այն մասին, որ Վրաստանը պետք է ընտրի՝ տարածաշրջանում կայունությունը կամ ՆԱՏՕ-ին: Կարասինի խոսքով, Թբիլիսին պետք է վերհիշի, թե ինչպես է սկսվել Ուկրաինայի հետ կապված խնդիրները: «Ուկրաինան ու Վրաստանը հաճախ են մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, հետևաբար, մենք ստիպված ենք ադեկվատ կերպով արձագանքել»:

Ռուսաստանը հարավային հատվածում նոր զորք է ստեղծում, ինչն օգտագործելու է ոչ միայն Վրաստանի դեմ: Այսպիսով 58-րդ բանակին միանում է նորաստեղծ 8-րդ բանակը:

Անվտանգության հարցերով փորձագետ Վախթանգ Մաիսաիայի խոսքով, 8-րդ բանակը կծածկի մերձկասպիցծովյան հատվածը՝ այսինքն վտանգ է սպառնում Վրաստանին ու նաև Ադրբեջանին: 58-րդ բանակն իր հերթին սպառնում է Կազբեգիին, Լարսին և օկուպացված հարավային Օսիային: Աբխազիային էլ վտանգ է սպառնում 49-րդ բանակը:

«Կարասինն ուղիղ սպառնալիք է հնչեցրել: Նախկինում նա այսքան քաջ չէր: Սա Ռուսաստանի ուղերձն է՝ կամ կընտրեք ՆԱՏՕ-ի ու ԵՄ ուղղությունը՝ կրկնելով ուկրաինական սցենարը, կամ կլինեք չեզոք: Այստեղ արդեն անեքսիայի մասին է խոսվում: Հարավային Օսիայում արդեն ամեն բան պատրաստ է ղրիմացմանը: Աբխազիայի դեպքում հնարավոր է դա մի փոքր ուշ տեղի ունենա»,- ասում է փորձագետ Վախթանգ Մաիսաիան:

Միևնույն ժամանակ Պուտինն իր հայտարարություններում ատոմային զենքով սպառնում է ոչ միայն Վրաստանին, այլև ողջ Արևմուտքին: Մաիսաիայի խոսքով, Կարասինի հայտարարությունը զարմանք չպետք է առաջացնի Պուտինի հայտարարությունների ֆոնին: «Սև ծովը դարձել է Ռուսաստանի և Ամերիկայի հակամարտության տարածք, ինչպես դա լինում էր սառը պատերազմի ընթացքում»:

Կարասինի ու Պուտինի հայտարարություններից զատ, հատկանշական է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի բարձրաձայնած ծրագիրն առ այն, որ օդացամաքային զինված ուժերին կմիանա նաև 5-րդ դիվիզիան, որը նույնպես կտեղակայվի հարավային հատվածում: Այստեղ ստեղծվում է նաև մոբիլիզացիայի կենտրոն, ինչը նույնպես ընկալվում է որպես սպառնալիք Վրաստանին, ինչպես նաև Ադրբեջանին: Այսպես Ադրբեջանը նույնպես կհայտնվի Ռուսաստանի ուշադրության էպիկենտրոնում:

Այս ամենը համեմվում է նաև պետության կողմից վերջերս կայացված որոշմամբ՝ Անակլիայի նավահանգիստը բացելու հետ կապված: Ըստ Վրաստանի իշխանությունների՝ նավահանգիստը ծառայելու է հիմնականում առևտրատնտեսությանը, սակայն Ռուսաստանի կողմից մտավախություն կա, որ նավահանգիստը նոր տարածք է դառնալու ՆԱՏՕ-ի սուզանավերի համար: Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Անակլիայի նախագիծը որակել է երկրի ապագայի երաշխիք: Նավահանգստի նախագծի շուրջ նույնպես տարաձայնություններ կան երկրում: Նախօրեին այս թեմայի շուրջ խոսել էր Նինո Բուրջանաձեն: Ընդդիմադիրի խոսքով, Անակլիայի նավահանգիստը բացելով, Վրաստանը կկորցնի մի շարք տարածքներ:

«Պարոնա՛յք, ձգտեք դեպի ՆԱՏՕ, կկորցնեք Աբխազիան, Սամաչաբլոն, գումարած Անակլիան: ՆԱՏՕ-ի ռազմական ծովային ուժերի ղեկավարն իր ելույթում հոլովում է Անակլիայի նախագիծը, ասելով, թե սա ՆԱՏՕ-ի համար շատ կարևորն է, ի՞նչ կապ ունի այստեղ տնտեսական ոլորտը»:

Վերադառնանք Կարասին-Աբաշիձե ձևաչափին: Ռուսաստանի հետ հարաբերություններում վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ամփոփելով վերջին հանդիպումը կարծիք է հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները բռնազավթման պատճառով խորը փակուղում են հայտնվել և ելքը չի երևում։

Աբաշիձեն դրական փոփոխությունների սպասելն անիմաստ է համարում՝ դատելով Ռուսաստանում ընթացող գործընթացներից և Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններից։