Իմ գյուղը. Գանձա

Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում:

Ես ապրում եմ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում: Իմ գյուղի բնակիչները արմատներով Արևմտյան Հայաստանից են: Մեր նախնիները 1827թ. գաղթել են Էրզրումի շրջանի Կրճնկոց գյուղից: Մեր գյուղի անվան հետ կապված կա մի առասպել, որը մեզ է հասել մեր ապուպապերից: Ըստ այդ առասպելի, երբ գաղթականները սայլերով անցել են Թափարվան գետի միջով, սայլերի անիվներին փաթաթվելով ջրի երես են դուրս եկել շատ ձկներ և գաղթականներն այդ ամենը տեսնելով ձեռքները վեր պարզելով կոչել են. «Գանձա՜, գանձա՜» , և որոշել են հենց այդտեղ հաստատվել:

Գեղեցիկ է Ջավախք լեռնաշխարհը հեքիաթային Փարվանայով և բարձրագահ Աբուլով: Չկա  մարդու համար ավելի հարազատ վայր քան իր ծննդավայրը: Գեղեցիկ գյուղ է Գանձան, այն Ջավախքի ամենամեծ գյուղերից մեկն է: Գանձան շրջապատված է բարձրիկ լեռներով, նրա միջով հոսում է Թափարվան գետը: Գյուղը շրջապատված է լայնարձակ դաշտերով, որոնք լցված են երփներանգ ծաղիկներով: Եթե բարձրանաս Քյորողլի կամ Սուրբ Հովհաննես բարձրունքները՝ Գանձան կներկայանա իր ողջ հմայքով: Մի հրաշագեղ մեկուսի աշխարհ, որտեղ լեռները պարուրված են մեգով և մշուշով:

Գանձան լի է սառնորակ աղբյուրներով, որոնք հագեցնում են մարդկանց իրենց քաղցրահամ ջրերով: Իմ գյուղն աչքի է ընկնում իր բազմաթիվ տուրիստական տեսարժան վայրերով, իր եկեղեցիներով և հուշակոթողներով: Գանձան ունի շատ հին պատմություն, այդ մասին վկայում է Կիկլոպյան դարաշրջանից մնացած երկու բերդ, որոնցից մեկը գտնվում է գյուղում, իսկ մյուսը գյուղի տարածքում գտնվող Քյորողլի սարի լանջին: Այդ բերդերը գրեթե ուսումնասիրված չեն:

Գյուղում նաև կա վիշապաքար, որը մինչ օրս պահպանված է: 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված մեր համագյուղացիների պատվին գյուղում կառուցվել է հոյակերտ հուշարձան:

Գանձայում գործում է երկու հայկական դպրոց՝ Վահան Տերյանի անվան թիվ 1, որտեղ սովորում է շուրջ 233 աշակերտ և  Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2, որտեղ սովորում է շուրջ 330 աշակերտ:

Գանձայի դպրոցներից դուրս են եկել բազում տաղանդավոր և անվանի մարդիկ, որոնք հասել են հաջողությունների գիտության տարբեր ասպարեզներում:

Գանձայում է ծնվել մեծն բանաստեղծ Վահան Տերյանը: Այն տունը որտեղ ծնվել, մեծացել է Տերյանը, գտնվում է Գանձայի ամենամեծ եկեղեցու՝ Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ:

Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է XIX դարի կեսերին, Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի նմանությամբ, Վ. Տերյանի պապի՝ Գրիգորի և հոր՝ Սուքիասի կողմից: Եկեղեցին այժմ էլ կանգուն է և ներկայանում է իբրև գյուղի ճարտարապետական զարդ:

Ամեն տարի հուլիսի վերջին կիրակին գյուղում նշվում է Տերյանական պոեզիայի օրը: Այդ օրը մենք բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի ենք ունենում Հայաստանից և Թբիլիսիից: Հնչում են Տերյանի բազմաթիվ ստեղծագործություններ, օդը լցվում է Տերյանական շնչով: Այստեղ մեկ անգամ եկողն անպայման նորից է վերադառնում :

Գանձայի մասին Թումանյանն ասել է. «Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը»: Այսօր մենք չէինք ունենա Թումանյանի «Թմբկաբերդ» և «Փարվանա» հրաշք պոեմները, եթե նա Տերյանի հետ չայցելեր Ջավախք: Ես շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին:

Իմ Գանձա, իմ տուն

Իմ հոգու ծիծաղ,

Սիրում եմ ես քո

Երկինքը պայծառ:

Սարերդ պատված

Մեգով, մշուշով,

Նոր բացվող լույսի

Քնքուշ շղարշով:

Հեղինակ՝ Ասյա Սիրականյան