«Վայմարյան եռանկյան» անդամ երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդները Վրաստանի անկախության օրվան արձագանքել են վրաց ժողովրդի եվրոպական ձգտումները աջակցող հայտարարությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համատեղ հայտարարությունը սկսվում է վրաց ժողովրդին ուղղված խոսքով.
«Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։ Այդ ձգտումներն արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս դառնալու ցանկությունը։ Հետևաբար, մենք դատապարտում ենք վրացական իշխանությունների բոլոր գործողությունները, որոնք հանգեցրել են ժողովրդավարության հետընթացի և քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ու կառավարության քննադատների վրա հարձակումների», — նշված է հայտարարության մեջ:
Մակրոնը, Մերցը և Տուսկը թվարկում են այն քայլերը, որոնք, իրենց կարծիքով, պետք է ձեռնարկի Վրաստանի կառավարությունը.
«Խոսքի և հավաքների ազատությունը պետք է պաշտպանված լինի։ Ուժի չափազանց կիրառման դեպքերը պետք է հետաքննվեն։ Եվրոպական չափանիշներին հակասող օրենքները պետք է փոխվեն, և անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը պետք է վերսկսվի։ Վրաստանի իշխանությունները պետք է վերականգնեն երկխոսությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ»։