COVID-19 համավարակից հետո ԵՄ-ում ապաստան փնտրող վրացիների թիվը կտրուկ աճել է և 2022 թվականին հասել 28 հազար 460 դիմումի գագաթնակետին, տեղեկացրել է ISET վտրլուծական հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։
ISET-ի ուսումնասիրության համաձայն, 2022 թվականից ի վեր նկատվել է նվազման միտում: Օրինակ՝ 2023 թվականին դիմումների թիվը կազմել է 24 հազար 770, իսկ 2024 թվականին՝ 14 հազար 785:
Ըստ ISET-ի՝ Ֆրանսիան և Գերմանիան նշվել են որպես առաջատար ուղղություններ: Միաժամանակ, Իտալիայում 2020 թվականից ի վեր նկատվել է վրացի ապաստան փնտրողների թվի կայուն աճ:
Ուսումնասիրության մեջ նաև քննարկվում են վրացիներին Եվրոպական Միությունում և այլ եվրոպական երկրներում տրված բնակության թույլտվությունները: 2014-2023 թվականներին թույլտվությունների մեծ մասի նպատակը կապված էր զբաղվածության և ընտանիքի հետ։
Օրինակ՝ 2021 և 2022 թվականներին զբաղվածության հետ կապված թույլտվությունների թիվը կտրուկ աճել է և մնացել է բարձր 2023 թվականին: Ուսումնասիրության հեղինակները գրել են, որ այս միտումը վկայում է աշխատանքային միգրացիայի աճի մասին։
Հաշվետու ժամանակահատվածում կրթության հետ կապված թույլտվությունները համեմատաբար կայուն և քիչ էին, մինչդեռ ապաստանի և լրացուցիչ պաշտպանության կարգավիճակները մնացել են կայուն ցածր մակարդակի վրա։
Հարկ է նշել նաև, որ Վրաստանի քաղաքացիներին ԵՄ-ում և այլ եվրոպական երկրներում տրված բնակության թույլտվությունների մեծ մասը երկարաժամկետ էր (12 ամիս կամ ավելի): Նման թույլտվությունների թիվը 2014 թվականին կազմում էր մոտավորապես 55 հազար, 2023 թվականին աճել է մինչև գրեթե 130 հազար: 3-5 և 6-11 ամիս տևողությամբ թույլտվությունները կազմել են բնակության թույլտվությունների ընդհանուր թվի համեմատաբար փոքր մասը։
Հատկանշական է նաև, որ երկու սեռերի համար էլ թույլտվությունների թիվը 2014 թվականից մինչև 2020 թվականը աստիճանաբար աճել է, չնայած կանայք ԵՄ-ում և այլ եվրոպական երկրներում համակարգված կերպով ավելի շատ բնակության թույլտվություններ ունեն, քան տղամարդիկ։