Վիզաների ազատականացումը վրաց ժողովրդի ձեռքբերումն է, ոչ թե «Վրացական երազանք»-ի. Խազարաձե

«Լելոն հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն գրել է, որ վիզաների ազատականացումը «Վրացական երազանք»-ի ձեռքբերումը չէ:

«Վիզային ռեժիմի ազատականացումը վրաց ժողովրդի ձեռքբերումն է, ոչ թե` «Վրացական երազանք»-ի։ Այն, ինչ պատկանում է ժողովրդին, մնում է ժողովրդին։ Եվրոպական ընտրությունը ազգային ընտրություն է։ Մենք պայքարելու ենք և պաշտպանելու ենք այս ձեռքբերումը մինչև վերջ», — գրել է նա:

Հատկանշական է, որ խորհրդարանի փոխնախագահ Նինո Ծիլոսանին հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիները հայրենասիրական զգացմունքներից դրդված կհրաժարվեն ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից։

«Առանց վիզայի ռեժիմն իսկապես հարմարավետ է, և մենք այդ հարմարավետությունը վաստակել ենք «Վրացական երազանք»-ի կառավարման ժամանակ՝ անցնելով բոլոր այն փուլերը, որոնք սահմանել է Եվրամիությունը: Դա ոչ մեկին անվճար չի տրվել… Սակայն, եթե հարմարավետությունը բախվի հայրենասիրությանը, ապա վրաց ժողովուրդը միշտ մնացել է և կմնա իր երկրի հայրենասերը»,- գրել է Ծիլոսանին սոցիալական ցանցի իր էջում։