Սաակաշվիլին մտադիր է մասնակցել վաղվա դատավարությանը. փաստաբան

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության պայմաններում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններից Իլիա Լոմիան՝ «Վիվամեդ» կլինիկայում երրորդ նախագահին այցելելուց հետո, ասել է, որ Սաակաշվիլին ցանկանում է մասնակցել վաղվա դատավարությանը։

Լոմիան նշել է, որ քրեակատարողական ծառայությունը, հավանաբար, կապահովի, որ Սաակաշվիլին դատական ​​նիստի վայր հասնի օժանդակ միջոցներով։

«Օժանդակ սարքերը ներառում են անվասայլակ, պատգարակ և ցանկացած այլ միջոց: Վաղը դատական ​​նիստին կհրավիրենք դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կազմողներին, որ դատարանին բացատրեն, թե ինչ հետազոտություններ են կատարել, ինչի վրա են հիմնված այդ հետազոտությունների արդյունքները։

Նաև կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը, թե ինչ եզրակացության են հանգել, և ինչու է ընդհանրապես ներկայացված այդ եզրակացությունը…»,- ասել է փաստաբանը։

Ըստ նրա՝ վաղվա դատավարությանը պետք է որպես վկա հարցաքննվեին քաղաքական գործիչները, սակայն, ամենայն հավանականությամբ, պաշտպանական կողմը նրանց հարցաքննության հարցը կհանի օրակարգից։

Ի դեպ, Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին իրականում գործում է ինքնավնասման ռեժիմով և չի ենթարկվում բուժման ընթացքին։

Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի խոսքով, կարևոր չէ, թե այժմ ընտանիքը ինչ է մտածում. հիմա դատարանը պետք է որոշի՝ ապրի՞ երրորդ նախագահը, թե` ոչ։

Հարցին, թե` կրո՞ւմ է արդյոք Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքի պատասխանատվությունը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է. «Մեր կյանքը տրված է Աստծուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարող պատասխանատվություն կրել որևէ մեկի կյանքի համար»:

Դեկտեմբերի 9-ին ՄԱՇ-ը հանրահավաք կանցկացնի ի պաշտպանություն Սաակաշվիլիի