Դեկտեմբերի 9-ին ՄԱՇ-ը հանրահավաք կանցկացնի ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Դեկտեմբերի 9-ին՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցութունը հանրահավաք կանցկացնի՝ ի պաշտպանություն Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի։

Հանրահավաքին ընդառաջ՝ դեկտեմբերի 7-ին, ՄԱՇ կուսակցության նախագահ Նիկա Մելիայի նախաձեռնությամբ, ՄԱՇ-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն: Խորհրդակցություն թեման Սաակաշվիլիի վերաբերյալ կուսակցության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի քննարկումն է եղել։

Հանդիպմանը մասնակցել է նաև Գիորգի Մումլաձեն, որը ցանկանում է դառնալ ՄԱՇ նախագահ։ Կուսակցության նախագահի մեկ այլ թեկնածու` Լևան Խաբեիշվիլին, հանդիպմանը չի ներկայացել, քանի որ մեկնել էր շրջաններ` հանդիպելու բնակչության հետ։ Սակայն հանդիպմանը մասնակցել են Լևան Խաբեիշվիլիի նախընտրական շտաբի ներկայացուցիչները։

Ինչպես հանդիպումից հետո ասել է Մելիան՝ Սաակաշվիլիի հարցի լուծումը մտնում է կուլմինացիոն փուլ, նա գոհունակություն է հայտնել հանդիպումից, քանի որ դա վկայում է իրենց միասնականության մասին: