Վրաստանի նախագահն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պայմանավորվել են երկրում կին առաջնորդների կոնֆերանս անցկացնել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր նստավայրում՝ Օրբելիանիի պալատում հյուրընկալել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին: Նրանք պայմանավորվել են Վրաստանում կին առաջնորդների կոնֆերանս անցկացնել` կանանց դերը խաղաղության ու անվտանգության մեջ թեմայով:

Նախագահի աշխատակազմի տարածած տեղեկության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են Վրաստանում առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու ընդգծել ընտրություններում դիտորդական առաքելությունների՝ հատկապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի օկուպացված տարածքներում դե ֆակտո ռեժիմի անցակետերի փակ լինելու պատճառով վատթարացած մարդասիրական իրավիճակին, ինչպես նաև, մարդու իրավունքների խախտման ու առևանգման փաստերին, մասնավորապես Գախելաձեի հարցին։

Վրաստանում կատարած այցի շրջանակներում Հելգա Շմիդը հանդիպել է նաև վարչապետի հետ: