Ուսուցիչների պատրաստման ինտեգրված բակալավրիատ-մագիստրատուրա կրթական ծրագիրը չեղարկվում է։ Ուսուցիչների պատրաստումն այսուհետ կիրականացվի բակալավրիատի մակարդակում։
Սա Վրաստանի «Բարձրագույն կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագծի շրջանակներում առաջ քաշված նախաձեռնություններից մեկն է, որը Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է խորհրդարան։
Նախարարության պարզաբանմամբ` «Բարձրագույն կրթության մասին» օրենքից ուսուցչի պատրաստման ինտեգրված բակալավրիատ-մագիստրատուրա կրթական ծրագրի չեղարկումը նպատակ ունի օպտիմալացնելու ուսուցիչների պատրաստման համակարգը և ուժեղացնելու պահանջարկին կողմնորոշված, ճկուն կրթական մոդելները, ինչը կնպաստի ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների, այնպես էլ պոտենցիալ ուսանողների շահերի ավելի լավ պաշտպանությանը։
«Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքի 46² հոդվածով նախատեսված ուսուցչի պատրաստման ինտեգրված բակալավրիատ-մագիստրատուրա կրթական ծրագիրը բնութագրվում է ուսուցման երկարատև ժամանակահատվածով և բարձր կրեդիտային ծանրաբեռնվածությամբ (ոչ պակաս, քան 300 կրեդիտ), ինչը պրակտիկայում նվազեցնում է հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ և դրա հասանելիությունը պոտենցիալ ուսանողներին։ Ուսման երկարատև շրջանը և համապատասխան ֆինանսական ու ժամանակային ռեսուրսների անհրաժեշտությունը զգալիորեն սահմանափակում են դիմորդների ընտրությունը և չեն համապատասխանում աշխատաշուկայում համեմատաբար արագ ինտեգրվելու պահանջներին։
«Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքի 47² հոդվածը նաև կարգավորում է ուսուցչի պատրաստման կրթական ծրագիրը, որն ապահովում է ուսուցչի պատրաստումն ավելի ճկուն և բազմազան մոդելի շրջանակներում։ Նշված ծրագիրը կարող է ինտեգրված լինել բակալավրիատի կրթական ծրագրում կամ իրականացվել անկախ, այդ թվում՝ այն անձանց համար, ովքեր արդեն ունեն բակալավրի կամ դրան հավասարեցված ակադեմիական աստիճան, ինչը զգալիորեն մեծացնում է ուսուցչի մասնագիտության հասանելիությունը և թիրախային խմբերի ընդգրկումը։
«Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքի 46² հոդվածով նախատեսված ուսուցչի պատրաստման ինտեգրված բակալավրիատ-մագիստրատուրա կրթական ծրագիրը և նույն օրենքի 47² հոդվածով նախատեսված ուսուցչի պատրաստման կրթական ծրագիրը ծառայում են միևնույն նպատակին՝ ուսուցչի պատրաստմանը։
Այնուամենայնիվ, ուսուցչի պատրաստման ինտեգրված բակալավրիատ-մագիստրատուրա կրթական ծրագիրը նախատեսում է ուսուցման ավելի երկարատև և պակաս ճկուն մոդել, մինչդեռ ուսուցչի պատրաստման կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս պատրաստելու ուսուցիչ ավելի կարճ և բազմազան կրթական հետագծերի շրջանակներում։
Այս պայմաններում երկու կարգավորումների զուգահեռ գոյությունը հանգեցնում է նույն գործառույթի կրկնակի կարգավորման, ինչն անարդյունավետ է օգտագործում կրթական ռեսուրսները և դժվարացնում է ուսուցիչների պատրաստման համակարգի հետևողական զարգացումը»,- հայտարարել է Կրթության և գիտության նախարարությունը։
Կառավարության օրինագիծը խորհրդարանը քննարկում է արագացված կարգով։