Վրաստանը՝ խաղաղության աղավնու դերում. Հայաստանի ու Վրաստանի նախագահների ասուլիսի հիմնական ուղերձները

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից

Ավարտվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Վրաստան կատարած այցի առաջին օրը: Կարևոր մի շարք հայտարարություններ են հնչել․ ստորև կամփոփենք Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հնչած  ուղերձները: 

Վրաստանը՝ խաղաղության աղավնու դերում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ևս մեկ անգամ առաջարկել է հարթակ դառնալ, որտեղ կարող են կողմերի բանակցություններն իրականացվել:

«Մեր վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում ծանր վիճակ էր պանդեմիայի ֆոնին՝ էկոնոմիկայի տեսանկյունից: Չնայած, տարածաշրջանի ու առանձին երկրների համար շատ ավելի ծանր էին պատերազմին տված զոհերը: Պարոն նախագահ, ցավակցում եմ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին ու ուզում եմ կարեկցանքս հայտնել նրանց: 

Կոնֆլիկտի ժամանակ, ինչպես նաև հիմա՝ Վրաստանը խաղաղության կողմից է եղել ու կա: Որպես դրա նշան՝ առաջարկել ենք մեր հարթակը հանդիպումների, երկխոսության ու իրավիճակի կայունացման համար, այս առաջարկը ցանկացած պահի շարունակում է ուժի մեջ մնալ»,- ընդգծել է Զուրաբիշվիլին:

Իր կողմից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների Թուրքիայի կողմից բացահայտ աջակցությանը, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին ու տեսակետներին: Սարգսյանն ընդգծել է նաև, որ տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել և կայունություն ապահովել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման միջոցով:

«Մեր հանդիպման ընթացքում շեշտեցի պատերազմի հետևանքով առաջացած հսկայական մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին ազատ արձակման հարցում շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը։ Ընդգծեցի պատերազմից հետո ստեղծված իրավիճակն Ադրբեջանի կողմից շահարկելու, մարդատյացության, ազգային արժանապատվության ոտնահարման քաղաքականություն վարելու անթույլատրելիությունը: Այդպիսի քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձա նաև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին»,- հայտարարել է Սարգսյանը:

Այս և Վրաստանի նախագահի հայտարարությունները Վրաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ, մարդու իրավունքների խախտման ու ապօրինի բորդերիզացիայի, առևանգման ու հումանիտար ծանր իրավիճակի մասին երկու կողմերից էլ մնացել են անպատասխան: Տարածաշրջանային անվտանգության մասին խոսելիս Արմեն Սարգսյանը հերթական անգամ կարևորել է հայ-վրացական հարաբերությունների սերտացման կարևորությունը: Զուրաբիշվիլիի համոզմամբ՝ Կովկասի երկրների դերը որոշիչ է Սև ծովի տարածաշրջանում կայունության ապահովման համար՝ նաև Ուկրաինայի իրավիճակի տեսանկյունից:

Ցամաքային սահմանները բացելու հարցը կրկին չբարձրացվեց

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքների մասին խոսել են երկու կողմերն էլ, անդրադարձել տնտեսական ծանր իրավիճակին, փորձի փոխանակման հարցին ու միջգերատեսչական հանձնաժողովների համագործակցությանը, չնայած՝ որևէ մանրամասներ կամ կոնկրետ ուղղություններ չեն բարձրաձայնվել, հատկապես՝ ցամաքային սահմանների բացման հարցը, որն այս պահին Վրաստանի հայ քաղաքացիների համար կենսական նշանակություն ունի:

 Համագործակցության ոլորտների ընդլայնման հեռանկարները

Կողմերը քննարկել են նաև համագործակցության խորացման հեռանկարները, ինչը հիմնականում արարողակարգային խոսակցություն է ու կրկնվում է հանդիպումից հանդիպում:

«Հաջողությամբ համագործակցում ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում:

Առկա է համագործակցության մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, կիբերանվտանգության, պարենային անվտանգության ոլորտներում: Այսինքն, համագործակցությունը երկկողմ է և բազմակողմ»,- ասել է ՀՀ նախագահը:

Հիշեցնենք, Արմեն Սարգսյանը տիկնոջ ու պատվիրակության հետ Վրաստան է ժամանել այսօր՝ ապրիլի 15-ին: Այցի շրջանակներում արդեն ունեցել է առանձնազրույց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, այնուհետև նաև ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները համատեղ ասուլիսով հանդես են եկել աշխատանքային օրվա վերջում: Հաջորդ օրվա օրակարգում է հանդիպում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի, կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ, ինչպես նաև այց Թբիլիսիի հայ առաքելական առաջնորդանիստ սբ Գևորգ եկեղեցի:

Սարգսյանի այցը վրացական մամուլում ակտիվորեն լուսաբանվել է, չնայած՝ հիմնականում լուրերի տեսքով: Սոցցանցերում օգտատերերի մեկնաբանություններն էլ՝ այլ այցերի համեմատ բավականին դրական են: Քննարկվում էին կողմերի հայ-վրացական դրոշներով դիմակները, որ կարծես նորույթ է պաշտոնական այցերի դեպքում:

Սարգսյանի վերջին այցը Վրաստան եղել է 2018 թվականին: 2019-ին Զուրաբիշվիլին Հայաստան էր այցելել: Զուրաբիշվիլիի ու Սարգսյանի հարաբերությունները ջերմ են դեռևս Վրաստանի նախագահի երդմնակալության արարողության օրվանից, երբ ամենաբարձրաստիճան մակարդակով ներկայացված հյուրը հենց Սարգսյանն էր, չնայած Զուրաբիշվիլին երբեք չի թաքցնում առավել համակրանքը մյուս հարևան երկրի՝ Ադրբեջանի նկատմամբ: Սովորաբար Զուրաբիշվիլիի այցերը մեկնարկում են Ադրբեջանից, նույնիսկ Վրաստանի տարածքում նախագահն այցելում է նախ՝ հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի, հետո՝ Սամցխե-Ջավախք:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։