Ոստիկանությունը մեծաքանակ թմրանյութ է առգրավել

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Իմերեթիի ոստիկանության դեպարտամենտի, Զեստափոնիի և Սամտրեդիայի շրջանային դեպարտամենտի աշխատակիցները թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել են երկու անձի: ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ հանցագործությունը պատժվում է մինչև 12 տարի ազատազրկմամբ։

«1975 թվականին ծնված Թ.Կ.-ն և նախկինում դատվածություն ունեցող 1970 թվականին ծնված Լ.Գ.-ն կալանավորվել են խոշոր և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման, նաև թմրամիջոց պարունակող բույսերի ապօրինի տնկման և մշակման մեղադրանքներով», — ասված է հաղորդագրության մեջ։

Իրավապահ մարմիններն առգրավել են կանեփի 207 արմատ և չորացրած մարիխուանա:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, 260-րդ հոդվածի 1-ին մասով և 260-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով: