«Վրացական երազանք»-ը համագումարի է պատրաստվում. քաղխորհրդում փոփոխություններ կլինեն

«Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից և քաղաքականությունից Իրակլի Ղարիբաշվիլիի հեռանալուց հետո կուսակցությունը հայտարարել է համագումար անցկացնելու մտադրության և քաղաքական խորհրդում «թեթևակի» փոփոխությունների մասին։

Ապրիլի 28-ին կուսակցության մեծամասնության նիստից հետո կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ նախ կանցկացվեն «տարածաշրջանային համաժողովներ», ապա՝ համագումար։

Մդինարաձեի խոսքով, համագումարում «կընտրվի կուսակցության նոր նախագահ»։ Որևէ հավանական թեկնածուի անուն նա չի նշել։ Ըստ նրա՝ «քաղաքական խորհրդի կազմը նույնպես թեթևակի կթարմացվի, և կլինեն (փոփոխություններ — հեղ.)»։

«Մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ», — ասել է Մդինարաձեն։

  • Ղարիբաշվիլին պաշտոնը լքել և քաղաքականությունից հեռացել է ապրիլի 26-ին։
  • Ղարիբաշվիլին վարչապետ էր, 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնների փոխանակում կատարվեց նրա և Իրակլի Կոբախիձեի միջև։ Կոբախիձեն դարձավ վարչապետ, իսկ Ղարիբաշվիլին՝ կուսակցության նախագահ։
  • Սա տեղի ունեցավ միլիարդատեր նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի երկրորդ պաշտոնական վերադարձից հետո քաղաքականություն։

Անցյալ հինգշաբթի՝ ապրիլի 24-ին, «Վրացական երազանք»-ի կառավարությունում հայտարարվեց ևս մեկ փոփոխության մասին. հրաժարական տվեց ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, որին փոխարինեց Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավոր Ռևազ (Ռեզի) Սոխաձեն։

Այլ փոփոխությունների շարքում էին նաև պետական անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը և Աջարիայի կառավարության նոր ղեկավարի նշանակումը։

«Վրացական երազանք»-ի վիճարկվող լեգիտիմության կառավարության փոփոխությունները զուգահեռվում են բողոքի ցույցերի քսանշաբաթյա անընդմեջ ալիքի, միջազգային պատժամիջոցների և նախընտրական շրջանի հետ։

Մդինարաձեն ապրիլի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ խոսել է նաև ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքների մասին և ասել, որ կուսակցության նպատակն է «համոզիչ հաղթանակ» տանել բոլոր 64 համայնքներում։

Սա այն պայմաններում, երբ դեռևս հայտնի չէ, թե արդյոք որևէ այլ խոշոր կուսակցություն, որը «Վրացական երազանք»-ի կառավարությանը լեգիտիմ չի համարում և անվստահություն է հայտնում նրա կառավարության ներքո ձևավորված ինստիտուտների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ, կմասնակցի՞ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։