Շվեդիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մարիա Ստենեգարդը քննադատել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի կողմից «Դրամաշնորհների մասին օրենքում» կատարած փոփոխությունները: Ստենեգարդը համամիտ է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի ապրիլի 16-ի հայտարարությանը:
Ըստ Ստենեգարդի՝ «Վրացական երազանք»-ի կողմից «Դրամաշնորհների մասին օրենքում» կատարված փոփոխություններն սկզբունքորեն անհամատեղելի են Եվրամիության արժեքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների հետ:
«Երեկ Վրաստանը հապճեպ քննարկեց ու ընդունեց օրենքներ, որոնք խիստ սահմանափակում են քաղաքացիական հասարակությանը», — ապրիլի 17-ին X-ում գրել է Ստենեգարդը:
Ապրիլի 16-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով արգելվում է առանց կառավարության թույլտվության դրամաշնորհներ տրամադրել հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ապրիլի 16-ին ասել է, որ օրենքը ավելի է նեղացնում քաղաքացիական տարածքը վերջին ռեպրեսիվ օրենսդրության հետևանքով, որը խաթարում է Վրաստանի թեկնածուի կարգավիճակը և հիմնական ժողովրդավարական սկզբունքները: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը «խոր մտահոգություն» է հայտնել Վրաստանի «Դրամաշնորհների մասին օրենքի» փոփոխությունների վերաբերյալ և դրանք որակել «Եվրամիության արժեքներից և չափանիշներից ևս մեկ հետքայլ»։
ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամ և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Ջին Շահինը «Վրացական երազանք»-ի օրենսդրական փոփոխությունը, որը պահանջում է կառավարության հավանությունը դրամաշնորհներ ստանալու համար, համարել է ևս մեկ քայլ նահանջ ժողովրդավարությունից: