«Վրացական երազանք»-ում հուսով են՝ Թրամփը չի ստորագրի MEGOBARI Act-ը

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Լևան Մախաշվիլին, որը նաև վիճահարույց խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն է, հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստորագրի MEGOBARI Act-ը («Վրաստանի հաշվետվողականության, դիմադրողականության և անկախության կարողությունների մոբիլիզացման և ամրապնդման մասին ակտը»)։

Մախաշվիլին այսպես է արձագանքել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից MEGOBARI Act-ի ընդունմանը, որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում «Վրացական երազանք»-ի կառավարության նկատմամբ։ Այս թեմայի շրջանակում Լևան Մախաշվիլին խոսել է նաև «ոչ ֆորմալ ուժերի» և «խորքային պետության» (Deep State) մասին։

«Տեսականորեն եթե դա ուժի մեջ մտնի, անկասկած զգալիորեն կվնասի երկկողմ հարաբերություններին, և դա հենց այն ոչ ֆորմալ ուժերի և ազդեցությունների հաշվարկն է, որոնք իներցիայի ուժով կարողացան սա հասցնել ստորին պալատ: Վերջին հաշվով, իհարկե, դեռ մի քանի փուլ կա անցնելու մինչև տեսականորեն ուժի մեջ մտնի, բայց մենք հույս ունենք, որ (ԱՄՆ — հեղ.) նախագահը չի ստորագրի այս սադրիչ բանաձևը և այդպիսով կկարողանա կատարել իր խոստումը՝ հաղթել, այսպես կոչված՝ Deep State-ին ԱՄՆ-ում», — ասել է Մախաշվիլին։

Երեկ երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, երկկուսակցական աջակցությամբ քվեարկեց և ընդունեց MEGOBARI ակտը։ Օրենքն ընդունելու համար բավարար էր 218 ձայն, սակայն փաստաթղթին կողմ էր արտահայտվել 349 կոնգրեսական, իսկ դեմ՝ 42-ը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց MEGOBARI Act-ը