Վրացական կողմն ինձ չի խնդրել ԵԽ-ում իրենց մասին խոսել. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ՝ վրացական կողմն իրեն չի խնդրել Եվրախորհրդարանի ելույթում խոսել Վրաստան-ԵՄ սառեցված երկխոսության մասին։

Այս հայտարարությունը Փաշինյանն արել է այսօր՝ մարտի 12-ին, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողը Փաշինյանին հարցրել է՝ արդյո՞ք Եվրախորհրդարանում Վրաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նրա հայտարարությունը կապված էր Թբիլիսի կատարած վերջին այցի հետ, և արդյո՞ք վրացական կողմից եղել է խնդրանք կամ կոչ՝ այդ հարցը եվրոպացի գործընկերների առաջ բարձրացնելու համար։

«Վրացական կողմից խնդրանք կամ կոչ չի եղել, սակայն, մյուս կողմից, մենք ունենք ընդհանուր օրակարգ, որի շուրջ աշխատում ենք։ Ես ամբիոնից հնչեցրի իմ մտահոգությունը, որովհետև մենք իսկապես անհանգստացած ենք այն իրավիճակով, որն առկա է Եվրամիության և Վրաստանի հարաբերություններում, և դա մեզ նույնպես հուզում է», — հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին ամենամեծ խնդիրն էր անվանել ԵՄ-ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցումը։ Ըստ Փաշինյանի՝ հենց Վրաստանով է անցնում Հայաստանի դեպի Եվրամիություն տանող ճանապարհը։