«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարան է ներկայացվել օրենսդրական առաջարկ, ըստ որի` պետական և մասնավոր բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում վրաց լեզվի ուսուցումը բակալավրիատում պետք է պարտադիր դառնա:
«Վրացական երազանք»-ի վիճահարույց խորհրդարանը նախատեսում է շատ շուտով՝ գարնանային նստաշրջանի շրջանակներում, իրականություն դարձնել այս մտահղացումը և հաստատել օրենսդրական նախաձեռնությունը։
Կրթության կոմիտեի նախագահ Գիվի Միքանաձեն բուհերում վրացերենի ուսուցման վերսկսման օր է նշել 2025 թվականի հոկտեմբերի 1-ը։ Ապրիլի 14-ին՝ Մայրենի (վրաց) լեզվի օրը, այս լուրը նա հայտնել է հանրությանը՝ հավելելով. «Մենք կփոխենք 20 տարի առաջ կայացված անարդար որոշումը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»։
Ըստ Միքանաձեի, 2005 թվականին այն ժամանակվա կրթության նախարարության բանավոր հրահանգով վրաց լեզվի ուսուցումը պարտադիր առարկաների ցանկից միտումնավոր է հանվել բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի ծրագրից։
Նույն բովանդակությունը օրենսդրական առաջարկի տեքստում կրկնում են բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի պարտադիր ուսուցման գաղափարի հեղինակ լեզվաբաններ Նանա Մաճավարիանին և Գիորգի Գոգոլաշվիլին:
Այս օրենսդրական առաջարկում ասվում է. «2005 թվականին հեղափոխությամբ եկած ապազգային իշխանությունը վերացրեց «Վրաց լեզու» բուհական պարտադիր առարկան։ Սա այն հանցավոր գործողությունների մի մասն էր, որ այդ կառավարությունը կատարեց պետական լեզվի դեմ, նրանք փակեցին Լեզվի պետական պալատը, վերացրին նախագահին կից լեզվի պետական հանձնաժողովը, վերացրին խորհրդարանում լեզվի պետական ենթահանձնաժողովը, փակեցին վրացերենի վերաբերյալ բոլոր ռադիոհեռուստատեսային հաղորդումները»:
Կրթության մասնագետների կարծիքով, բացի այն հանգամանքից, որ պարզ չէ, թե ինչ է նշանակում բուհերում վրացերենի դասավանդում, նաև այս նախաձեռնությունն ուղղակիորեն վկայում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությանը միջամտության մասին և սահմանափակելու է ակադեմիական ազատությունը։