Վրաստանի ապագան Եվրամիությունում է. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ վրաց ժողովրդի և Վրաստանի ազգային շահերից է բխում՝ ունենալ հնարավորինս խաղաղ, կայուն և զարգացող տարածաշրջան:

Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, ժողովուրդը հավատում է դրան, և միասին հասնելու են իրենց նպատակին:

Վարչապետի խոսքով, Վրաստանն աջակցում է Ուկրաինային և Ուկրաինայի ինքնիշխանությանը բոլոր մակարդակներում։

«Այսօր աշխարհում շատ մեծ մարտահրավեր կա, բնականաբար, Ուկրաինան մարտահրավեր է մեր տարածաշրջանի, ամբողջ աշխարհի, Եվրոպայի համար։ Իհարկե, մենք ևս մեկ անգամ ուզում ենք ասել, որ հնարավորինս աջակցում ենք Ուկրաինային, Ուկրաինայի ինքնիշխանությանը, նրանց անկախությանը բոլոր մակարդակներում։

Մեր ընդհանուր ցանկությունն է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Մեր երկիրը ևս նման պատերազմ ապրել է 2008 թվականին, իհարկե` այլ մասշտաբով»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք. Վրաստանում է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը: