«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

ԱՓԻՑ ԱՓ. ՀԱՆՈՒՆ ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՊԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ

Վրաստանի գրողների միության եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ,
վրաց-հայկական մշակութային կապերի ամրապնդման նպատակով իրականացավ «Դրկից իմ, հարեւան» նախագիծը։ Անցկացվեց «Արձագանք ափից ափ» վրաց-հայկական խաղաղության միջոցառումը, որտեղ ներկայացվեցին թբիլիսցի բանաստեղծուհի Թամար Գաբրոշվիլու «Արձագանք» եւ երեւանցի բանաստեղծուհի Նինո Սպանդերաշվիլու «Ափից ափ» հայերեն ու վրացերեն գրքերը՝ ափից ափ սեր տարածելով:

Վրաստանի գրողների ստեղծագործական տանը ջերմությամբ հյուրընկալվել էր Հայաստանի պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում գործող Մշակույթի հայկական հիմնադրամի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ եւ գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը, գրող, «Սպիկա» հրատարակչության տնօրեն Արտակ Ավագյանը, Հայաստանում «Իվերիա» վրացական համայնքին կից գործող կիրակնօրյա դպրոցի տնօրեն Լիանա Սամադալաշվիլին, գրող, առակագիր, Հայաստանի ժողովրդական երգերի պետական համույթի մեներգիչ Արսեն Համբարյանը եւ երկու գործառույթի կրող, միաժամանակ հյուր ու հյուրընկալ եւ Հայաստանում «Իվերիա» վրացական համայնքի փոխնախագահ, երկու երկրների գրողների միությունների անդամ, թարգմանիչ Թամար Գաբրոշվիլու գրքի խմբագիր Նինո Սպանդերաշվիլին:

ՊԱՏՎՈ ԲԱՐՁՐ ՇՔԱՆՇԱՆ՝ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԱՆՎԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

«Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբությանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում պատվո ամենաբարձր շքանշանով պարգեւատրելու առթիվ՝ խմբագրության եւ շքանշանակրի հասցեով ստացվել են շնորհավորանքներ:

«Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ վիրահայ համայնքի անվանի ներկայացուցիչ, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանին՝ մայրաքաղաք Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ պատվո բարձր շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ։

ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՀԻԱՑՐԵՑԻՆ ԱԴԱՄՅԱՆՑԻՆԵՐԻ ՀԻԱՆԱԼԻ ԽԱՂԸ, ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՅԼՈՒՆ ՎՐԱՑԵՐԵՆԸ

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը վերադարձել է Ախալցիխե, Գորի եւ Թելավի քաղաքներում կայացած հյուրախաղերից, անմիջապես աշխատանքի անցել արդեն իսկ իր հարազատ շենքի պատերի ներսում, իսկ արդեն երեկ Վրաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից, ի թիվս երկրի տասը թատրոնների, նվեր ստացել նորագույն միկրոավտոբուս:

— Մեր թատրոնի երկարասպաս վերակառուցման ընթացքը ծառայեց երկու կարեւոր նպատակի,- խոստովանում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:- Կունենանք հրաշալի նոր շենք եւ ունեցանք հնարավորություն խաղալ ոչ միայն Թբիլիսիի աշխարհահռչակ բեմերում, այլեւ ներկայանալ Վրաստանի գրեթե բոլոր քաղաքներում, որոնցից վերջինները այս փուլում Թելավին եւ Գորին էին: Տասնամյակների պատմության մեջ մեր թատրոնն առաջին անգամ էր այս քաղաքներում, որի համար շնորհակալ ենք Վրաստանի մշակույթի նախարարությանը, քանի որ, շահելով հայտարարված նախագիծն ու ներկայացնելով երեք քաղաքներում մեր հյուրախաղային ծրագիրը, ունեցանք ավելի ճանաչելի դառնալու հրաշալի հնարավորություն: