Վրացի բժիշկների միջազգային ասոցիացիան՝ Նինո Դաթաշվիլիի առողջական վիճակի մասին

Վրացի բժիշկների միջազգային ասոցիացիան հայտարարություն է տարածել։

«Մենք՝ վրացի բժիշկների միջազգային ասոցիացիայի անդամներս, ուշադիր հետևում ենք երկրում տեղի ունեցող զարգացումներին և ազատությունից զրկված մեր համաքաղաքացիների առողջական վիճակին. որպես բժշկական էթիկային և մարդկային արժեքներին նվիրված կազմակերպություն հայտարարում և հիշեցնում ենք համապատասխան պետական ​​կառույցներին, որ մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը, համապատասխան բժշկական օգնության և մարդկային վերաբերմունքի ապահովումը հիմնարար իրավունքներ են, որոնք պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ նրա քաղաքական հայացքներից։

Մենք հատուկ մտահոգություն ենք հայտնում արժանավոր ուսուցչուհի Նինո Դաթաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ, որը, մեզ հասանելի տեղեկության համաձայն, աստիճանաբար վատթարանում է ազատությունից զրկվելու օրվանից։

Նինո Դաթաշվիլին կարիք ունի որակյալ բժշկական օգնության, այդ թվում՝ վիրաբուժական միջամտության և հետագա բարդ վերականգնողական գործընթացի համապատասխան պայմաններում։

Ահա թե ինչու մենք կոչ ենք անում և խնդրում ենք Վրաստանի համապատասխան պետական ​​բժշկական կառույցներին պահպանել բժշկական էթիկայի և մարդու իրավունքների չափանիշները, որոնք ժողովրդավարական հասարակության հիմքն են։

Վրացի բժիշկների միջազգային ասոցիացիան նաև համերաշխություն է հայտնում բոլոր ուսուցիչներին և գործընկերներին, որոնք իրենց գործունեությունը նվիրել են մարդու առողջությանը, կրթությանը և բարեկեցությանը։
Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը մարդկային արժանապատվության, առողջության և մասնագիտական ​​ազնվության պաշտպանության հարցում», — ասված է հայտարարության մեջ։

Նշենք. ակտիվիստ և ուսուցչուհի Նինո Դաթաշվիլիի ամուսինը՝ Գոդի Փրուիձեն, հայտարարություն է տարածել կնոջ առողջության և բանտում տիրող պայմանների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ վերջին երեք հանդիպումների ընթացքում Նինոն չի կարողացել բարձրանալ համապատասխան սենյակի աստիճաններով և տեղաշարժվում է անվասայլակով։

Փրուիձեն նաև գրել է, որ ուսուցչուհու աջ ձեռքն ու ոտքը անշարժացել են, պարանոցը` նույնպես, և այս ամենը ֆիզիկական ցավի ուղեկցությամբ։ Նա հավելել է, որ Դաթաշվիլին նաև սկսել է դժվարությամբ շարժել ձախ ոտքը։