«Վրաստան» թերթը 105 տարեկան է

Վրաստանում հրապարակվող հայալեզու «Վրաստան» թերթը 105 տարեկան է. տարեդարձը շնորհավորել են վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, հայագետ Նինո Ափցիաուրին:

Մեկդարյա կյանքի ընթացքում բազմաթիվ փոփոխությունների ենթարկված, բայց հիմնական գործառույթը պահպանած թերթը շարունակաբար երկխոսության հարթակ է եղել վրաստանաբնակ հայերի համար: Այսօր էլ` շաբաթական 4000 տպաքանակով թերթը բաշխվում է Վրաստանի հայաբնակ բազմաթիվ շրջաններում:

Ստորև ներկայացնում ենք շորհավորանքները և միանում դրանց.

Շնորհավորում եմ «Վրաստան» թերթի խմբագրությանը եւ նրա հավատարիմ ընթերցողներին՝ հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ: Վրաստանի Առաջին Հանրապետության օրոք սկսված պատմական գործը մինչ օրս կարեւոր դեր է խաղում մեր երկրի հայալեզու քաղաքացիներին տեղեկատվության ապահովման ու քաղաքացիական ինտեգրման գործընթացում:

Մեկդարյա հրատարակությունը հաջողությամբ եւ բարձր չափանիշներով շարունակում է իր առաքելությունն ու նպաստում հասարակության շրջանում խաղաղության եւ հանդուրժողականության միջավայրի ամրապնդմանը: Այս գործում թերթի գլխավոր խմբագիր պարոն Վան Բայբուրթյանի եւ խմբագրության յուրաքանչյուր աշխատակցի ներդրումն արժանի է հատուկ գնահատանքի:

Մաղթում եմ ձեզ հետագա հաջողություններ:

ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱԽԻՁԵ

Վրաստանի վարչապետ

1920 թվականին, Վրաստանի Առաջին Հանրապետության օրոք, առաջին անգամ հրատարակվեց հայալեզու «Վրաստան» թերթը, որը անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին դարձավ 105 տարեկան։

Այս նշանակալից տարեդարձի առիթով շնորհավորում եմ «Վրաստան»-ի ընթերցողներին, խմբագրությանն ու յուրաքանչյուր աշխատակցի, հատկապես պարոն Վան Բայբուրթյանին, որը գրեթե քառասուն տարի «Վրաստան»-ի գլխավոր խմբագիրն է եւ մեծ ավանդ է ներդնում վրաց-հայկական հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործում։

Մեկ դարից ավելի «Վրաստան» թերթը ծառայում է մեր հայալեզու քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու եւ հասարակական կյանքում նրանց ավելի մեծ ներգրավվածությունը խթանելու կարեւոր գործին։

Կրկին շնորհավորում եմ եւ հաջողություններ մաղթում ձեր ապագա գործունեությունում:

ՄԻԽԵԻԼ ԿՂԱՎԵԼԱՇՎԻԼԻ

Վրաստանի նախագահ

«ՎՐԱՍՏԱՆ»-Ը ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՈՒՂԵՑՈՒՅՑ Է

Լրացավ Վրաստանի հայալեզու «Վրաստան» թերթի հիմնադրման 100-ամյակը, որը կարեւոր իրադարձություն է ինչպես թերթի խմբագրության, այնպես էլ՝ մեր երկրի հայ հասարակության ու համայն Վրաստանի համար:

Ուղիղ մեկ դար է մեզ բաժանում 1920 թվականի դեկտեմբերից, երբ սկսվեց Վրաստանի հայալեզու «Վրաստան» թերթի հրատարակությունը: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ հեռանկար կունենար անկախ Վրաստանի մամուլի եւս մեկ ներկայացուցիչը, սակայն կար հաստատուն կամք, որ թերթը կօգնի երկրի հայախոս քաղաքացիներին լուծել կենսական խնդիրներ, ապահովել տեղեկատվություն ու մտավոր զարգացում:

Այսօր աշխարհում դժվար է գտնել այնպիսի մի երկիր, որտեղ ազգային փոքրամասնությունների համար թերթը հասարակական այնքան կարեւոր դեր կատարի, որքան՝ Վրաստանում: Վրաստանում ապրող հայերի համար, որոնք դեռեւս չեն տիրապետում պետական՝ վրաց լեզվին, «Վրաստանը» յուրատեսակ ուղեցույց է, որն օգնում է նրանց պահպանել իրենց ազգային ինքնությունը, Վրաստանի շահերը, իրացնել սեփական քաղաքացիական իրավունքներն ու կատարել պարտականությունները:

Առանց չափազանցության կարելի է ասել, որ «Վրաստան»-ն իր մեկդարյա գոյության ընթացքում մեծ դեր է կատարել ինչպես Վրաց պետականության, այնպես էլ՝ Վրաստան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման եւ վրաց ու հայ ժողովուրդների բարեկամության խորացման գործում: «Վրաստան»-ն իր ընթերցողին սեր, հարգանք ու հավատարմություն է ներշնչում Մայր երկրի՝ Վրաստանի հանդեպ՝ է՚լ ավելի նպաստելով պատմականորեն ազգակից ու եղբայր երկու ժողովուրդների բարեկամությանն ու համագործակցությանը:

Վրաստանի բազմազգ բնակչության համար «Վրաստան»-ն իր էությամբ ու առաքելությամբ առանձնահատուկ հրատարակություն է ադրբեջանական «Գուրջիստան»-ի (Վրաստան) հետ միասին: Հատկանշական է, որ երկու թերթերի՝ «Վրաստան»-ի եւ «Գուրջիստան»-ի խմբագրությունների լրագրողները երկար տարիներ իրար հետ լավ հարաբերություններ ունեն: Նրանք ակտիվորեն համագործակցում են ընթերցողին ստույգ, անկողմնակալ ու կշռադատված տեղեկատվություն տրամադրելու հարցում, ինչը շատ կարեւոր է այս ամենադժվար ժամանակներում: Նրանք միասին ձգտում են ամրապնդել բազմազգ Վրաստանի կայունությունը: Այս փաստը եւս Վրաստանին բնորոշ եզակի իրողության հաստատումն է:

Իր հարյուրամյա գործունեության ընթացքում եւ այսօր էլ «Վրաստան»-ը հարգանքի զգացում է սերմանում Վրաստանի ընթերցողին՝ Վրաց պետության, վրաց ժողովրդի հանդեպ եւ իր գործունեությամբ նպաստում նրանց արագ ինտեգրմանը  վրաց հասարակության մեջ:

«Վրաստան» թերթը յուրահատուկ կամուրջ է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ: Թերթը հաղորդակցություն է ապահովում երկու հարեւան երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ:

«Վրաստան»-ի հաջող գործունեությունն ու թերթի ժողովրդականությունը էապես կապված են նրա գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանի անվան հետ: Պարոն Վանը շուրջ 35 տարի ղեկավարում է խմբագրությունը: Նա հարուստ փորձ ունեցող, արհեստավարժ լրագրող է, որի հիմնական հավատամքն է՝ ծառայել Վրաց պետությանը, տեղեկատվություն տրամադրել երկրի հայախոս քաղաքացիներին ու նրանց ինտեգրել վրաց հասարակության մեջ: Այսօր նա վրացական զանգվածային լրատվամիջոցների «փոթորկուն ծովում» հաստատուն կերպով պահում է «Վրաստան»-ի «ղեկը»:

«Վրաստան» թերթի հոբելյանն արդեն շնորհավորել են Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարները, քաղաքական ու հոգեւոր առաջնորդները, վրաց եւ հայ հասարակությունների ներկայացուցիչները:

Դեռ ուսանողական տարիներին պատիվ եմ ունեցել հայերեն ու վրացերեն շնորհավորել «Վրաստան» թերթի 60-ամյա հոբելյանը հանդիսավոր նիստում, որը կայացավ Գրիբոյեդովի անվան թատրոնում: Եվ այսօր էլ հաճույքով շնորհավորում եմ նրա հիմնադրման արդեն 100-ամյակը: Իրոք որ, անգնահատելի է «Վրաստան» թերթի դերը վրաց-հայկական հարաբերությունների հաստատման ու մեր երկրում խաղաղության, կայունության ամրապնդման գործում: Հավերժ երիտասարդ թերթը մեկ անգամ չէ, որ իր հավատարիմ ընթերցողին ապացուցել է, թե վրաց եւ հայ ազգերի միջեւ փոխադարձ սերը, փոխվստահությունը, իրար աջակցելը, փոխադարձ հարգանքն ու միմյանց նկատմամբ հանդուրժողականությունն այլընտրանք չունեն:

ՆԻՆՈ ԱՓՑԻԱՈՒՐԻ

Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, Թբիլիսիի պետական համալսարանի գիտաշխատող, 2003-2019 թվականներին՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան խորհրդական