Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ մարքեթինգային արշավ հնդկական շուկայում երկրի հանրահռչակման նպատակով:
Ըստ հաղորդագրության` արշավի նպատակն է Հնդկաստանում Վրաստանի զբոսաշրջային ներուժի ակտիվ և արդյունավետ դիրքավորումը: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել ինտեգրված մարքեթինգային միջոցառումներ միջազգային ներկայացուցչական ընկերության միջոցով:
Համապատասխան պետական գնման ենթադրյալ արժեքը կազմում է մոտ 965 հազար 828 դոլար։
Նախագծի շրջանակներում նախատեսվում են.
- Թվային մարքեթինգային արշավներ. Վրաստանի մասին գովազդային նյութերի տեղադրում միջազգային առցանց հարթակներում և տեսաբովանդակության տարածում սոցիալական ցանցերում;
- Մեդիա համագործակցություն. աշխատանք միջազգային լրատվամիջոցների և հրատարակչությունների հետ,
- Գործնական միջոցառումներ. Հնդկաստանի մի քանի քաղաքներում գործնական հանդիպումներ և այլն,
- Ուսուցողական ծրագրեր. վեբինարներ և աշխատանքային հանդիպումներ զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համար, նաև ճանաչողական տուրերի կազմակերպում դեպի Վրաստան:
Վարչության պարզաբանմամբ՝ Հնդկաստանը դիտարկվում է որպես արագ աճող և ռազմավարական զբոսաշրջային շուկա, ուստի երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված թիրախային արշավի իրականացումը կարևոր նշանակություն ունի:
Ծրագրի իրականացումը նախատեսված է 2026 թվականի մարտից մինչև 2027 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Վարչությունը պլանավորում է այս ծառայությունը ձեռք բերել պարզեցված կարգով, ինչը, ըստ գերատեսչության, պայմանավորված է ծառայության առանձնահատկությամբ և արշավը ժամանակին սկսելու անհրաժեշտությամբ:
Նախատեսված բյուջեից 2026 թվականի համար հատկացված է շուրջ 459.8 հազար դոլար, իսկ 2027 թվականի համար՝ շուրջ 506 հազար դոլար:
Վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին Հնդկաստանից Վրաստան է այցելել 142 հազար 476 զբոսաշրջիկ, ինչը 14.6%-ով ավելի է 2024 թվականից: