Վրաստանի հողային ռեսուրսների վերաբերյալ տվյալները հանրությանը հասանելի են

Վրաստանի հողային ռեսուրսների մասին տվյալները դարձել են հասանելի հանրությանը, գրված է Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության հրապարակած տեղեկության մեջ։

Ըստ տեղեկության՝ տվյալների վերլուծության և վիզուալացման Power BI հարթակում Վրաստանի հողային ֆոնդի մասին աշխարհատարածական տեղեկատվության ինտեգրման շնորհիվ հնարավոր է դարձել ինտերակտիվ ռեժիմով ստանալ վերլուծական տվյալներ հողային ռեսուրսների վերաբերյալ։ Բիզնես-վերլուծության Power BI հարթակը ստեղծել է Microsoft ընկերությունը, և դրա հիմնական նպատակն է տարբեր աղբյուրներից ստացված տվյալների հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը և տեսողական ներկայացումը։

«Տվյալները ներառում են տեղեկություններ ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական հողերի մասին՝ ըստ դրանց մակերեսների և տարածաշրջանային բաշխվածության։ Հարթակն օգտատերերին հնարավորություն է տալիս մեկ տարածքում ստանալու թարմացվող տեղեկատվություն՝ ինչպես ստատիկ աղյուսակների, այնպես էլ ինտերակտիվ գրաֆիկների, դիագրամների և համեմատական վերլուծության տեսքով։

Վիճակագրական տվյալները հիմնված են Եվրամիության մշակած CORINE Land Cover հողածածկույթի դասակարգիչի վրա, որը Եվրոպայում լայնորեն կիրառվում է հողօգտագործման տվյալների միասնական ստանդարտով հաշվառման և համեմատության համար։ Դասակարգիչը Վրաստանի տվյալները համադրելի է դարձնում միջազգային տվյալների հետ», — ասված է տեղեկության մեջ։

Գործակալության փոխանցմամբ՝ հողային ռեսուրսների վերլուծության պարզ հասանելիությունը կօգնի ինչպես պետական գերատեսչություններին, բիզնես ոլորտին և ներդրողներին՝ որոշումների կայացման և նախագծերի պլանավորման հարցում, այնպես էլ ուսանողներին, հետազոտողներին և մեդիային՝ տեղեկատվության հեշտ հայթայթման գործում։