Վարորդական իրավունքի միավորները կպակասեն նաև տեսախցիկների միջոցով

Վրաստանում վարորդական իրավունքի միավորներն այսուհետ հնարավոր է սպառվեն նաև տեսախցիկների կողմից արձանագրված խախտումների արդյունքում։

ՆԳ նախարարությունը արդեն մշակել է փոփոխությունների փաթեթը, որի համաձայն, տեսախցիկների գրանցած խախտումները ևս կանդրադառնան վարորդական իրավունքի 100 բալանոց համակարգի վրա:

Գերատեսչությունը պարզաբանում է, որ տեսախցիկները վարորդներին չեն  հայտնաբերում, և իրավախախտում գրանցվելու դեպքում միավորներ կպակասեն այն անձի վարորդական իրավունքից, ում անունով գրանցված է ավտոմեքենան:

«Մենք արդեն պատրաստել ենք վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները: Դրանք մոտ ապագայում կներկայացնենք կառավարությանը, հետո՝ խորհրդարանին: Ցանկություն կա, որ այս նորությունն ուժի մեջ մտնի հենց այս տարի»,- հայտարարել է ՆԳ փոխնախարար Նինո Ջավախաձեն:

Հիշեցնենք՝ տարեկան կտրվածքով տրված վարորդական իրավունքի 100 միավորը ամբողջությամբ սպառելու դեպքում քաղաքացին զրկվում է վարորդական իրավունքից։