«Վրաստանի քաղաքականության ինստիտուտ»-ը դադարեցնում է գործունեությունը

14 տարվա գործունեությունից հետո «Վրաստանի քաղաքականության ինստիտուտ» (GIP) հասարակական կազմակերպությունն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը։ Այս տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է GIP-ը։

«Ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով «Վրաստանի քաղաքականության ինստիտուտ»-ը (GIP) անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր շահառուներին, դոնորներին և ընկերներին, որոնք աջակցել են մեզ վերջին տարիներին», — ասված է կազմակերպության էջում։

«Վրաստանի քաղաքականության ինստիտուտ» հետազոտական-վերլուծական կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թվականին։ Կազմակերպության նպատակն էր նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և քաղաքական կայունության հաստատմանը Վրաստանում և Սևծովյան տարածաշրջանում։

2024 թվականի գարնանից, երբ «Վրացական երազանք»-ն ընդունեց «գործակալների մասին օրենքը» և մի շարք այլ օրենքներ, որոնք զգալիորեն բարդացրին անկախ լրատվամիջոցների և ՀԿ-ների աշխատանքը Վրաստանում, ԵՄ երկրները շարունակ պնդում էին, որ այս որոշումներով Վրաստանը շեղվել է Եվրամիության ուղուց։