Վրաստանն ու Ադրբեջանը Թուրքիայի բարեկամ, Հայաստանը՝ սպառնալիք․ հարցումներ

Չնայած հարևան երկրների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի քաղաքականությանը, թուրք հանրության զգալի մասը գլխավոր սպառնալիք է համարում այն ​​երկրները, որոնց հետ Անկարան երկխոսության ուղիներ է փնտրում։

Ստամբուլի Քադիր Խաս համալսարանի կողմից հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 61%-ը Հայաստանը համարում է ամենավտանգավոր երկիր։ Ընդ որում, այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ աճել է։ 2020 թվականին Հայաստանը համարվում էր ամենամեծ սպառնալիքը 59%-ով, իսկ 2019-ին՝ 46%-ով։

Ըստ հարցման տվյալների՝ Հայաստանից հետո վտանգավոր երկրների առաջին հնգյակում են Իսրայելը, ԱՄՆ-ը, Իրաքը և Կիպրոսը։

Հարցման համաձայն՝ Թուրքիայի ամենաբարեկամ երկրներն են նախ Ադրբեջանը, որին հաջորդում են Հյուսիսային Կիպրոսը և Վրաստանը։

Նշենք նաև, որ ըստ անցյալ տարի Հայաստանում Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման համաձայն՝ Թուրքիան համարվել է Հայաստանի ամենամեծ սպառնալիքը երկրի համար։