Վրաստանում ձերբակալվել է 12 հետախուզվող անձ

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող 12 անձ։

Թուրքական ոստիկանությունը ձերբակալվածների նկատմամբ հետախուզում է հայտարարել 5 տարի առաջ միջազգային մակարդակով` Ինտերպոլի կարմիր ծանուցագրերի հիման վրա։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալված 12 անձանցից 8-ը Վրաստանի տարածք են մտել նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուց առաջ, իսկ 4-ը՝ անօրինական ճանապարհով։

Ձերբակալվածների թվում կան անձինք, որոնք մեղադրվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար, մասնավորապես՝ կանխամտածված սպանություն (ներառյալ անչափահասի սպանություն), որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում, սպանության փորձ, կողոպուտ, ազատազրկում, դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելու, կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և անդամակցության, շորթման, գողության, հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու, թմրանյութերի հետ կապված հանցագործությունների, փաստաթղթերի կեղծման, ներդրումային խարդախության և յուրացման համար։

Ներկայումս բոլոր ձերբակալվածների նկատմամբ օրենքով նախատեսված նախնական արտահանձնման ընթացակարգեր են ընթանում։