«Վրացական երազանք»-ը ներքին վեճերը քողարկում է որպես կոռուպցիայի դեմ պայքար, պնդում է «Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպությունը։
TI-ն հայտարարել է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ տարիներ շարունակ ահազանգել են Վրաստանի վերնախավում առկա կոռուպցիայի մասին, սակայն «Վրացական երազանք»-ը դա սուտ է որակել և պնդել, որ երկրում կոռուպցիան վերացվել է։ Սակայն վերջերս Պետական անվտանգության ծառայությունը և դատախազությունը սկսել են մտահոգություններ հայտնել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մասին և այժմ ամեն օր ավելի ու ավելի շատ տեղեկություն են տրամադրում անօրինական եկամուտների թաքցման և լվացման մասին։
TI-ի եզրակացությունների համաձայն՝ քննչական մարմինները, դատախազությունը, դատավորները և Պետական անվտանգության ծառայության ու Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի աշխատակիցները տարիներ շարունակ թաքցրել են կոռուպցիայի դեպքերը։ Այժմ «Վրացական երազանք» կուսակցության ներսում քաղաքական մրցակցին վերացնելու գործընթացը ներկայացվում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց։
Կազմակերպությունը պնդում է, որ էլիտար կոռուպցիան եղել և մնում է լայնորեն տարածված խնդիր։ Տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարվա ընթացքում գրանցվել է էլիտար կոռուպցիայի 250 դեպք, որոնց մեջ ներգրավված է 221 բարձրաստիճան պաշտոնյա, նրանց թվում՝ 38 նախարար կամ փոխնախարար, 40 խորհրդարանի անդամ, 17 դատավոր և 67 մունիցիպալ ղեկավար։ TI-ի հետաքննությունները նաև ցույց են տալիս, որ «Վրացական երազանք»-ի պաշտոնյաները միայն վերջին 10 տարիների ընթացքում կոռումպացված պետական գնումներից վաստակել են առնվազն 5 միլիարդ լարի։