Վրաստանում ՃՏՊ-ների քանակն աճել է

Վրաստանի անվտանգ ճանապարհների դաշինքը հրապարակել է 2024-2025 թվականների ճանապարհային անվտանգության տվյալների գնահատականը՝ հիմնված Ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության վրա։

Մասնավորապես, տվյալների համաձայն, Վրաստանում 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2024 թվականի համեմատ աճել է 1.8%-ով (5866-ից մինչև 5969):

Նույն ժամանակահատվածում մահացությունների թիվն աճել է 5.6%-ով (444-ից մինչև 469), իսկ վնասվածքների թիվը՝ 8%-ով (7587-ից մինչև 8191):

Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 5.8%-ով (2775-ից մինչև 2614), սակայն մահացությունների թիվն աճել է 23.7%-ով (76-ից մինչև 94), իսկ վնասվածքների թիվը՝ 2.5%-ով (3233-ից մինչև 3313):

Մինչև 6 տարեկան տարիքային խմբում 2025 թվականին մահացել է 7 երեխա։ Մահացած երեխաներից 1-ը հետիոտն էր, իսկ 6-ը՝ ուղևոր։ Վիրավորվել է 233 երեխա, որոնցից 65-ը՝ հետիոտն, իսկ 168-ը՝ ուղևոր։