Խաղողի այգու ձեռնարկություն հիմնելու համար թույլտվություն կպահանջվի

Եթե անձը ցանկանում է խաղողի այգի հիմնել ձեռնարկատիրական նպատակներով, այսինքն՝ որոշել է վաճառել դրա բերքը, ապա ստիպված կլինի դրա համար կառավարությունից թույլտվություն ստանալ։

Կառավարությունը հավաստիացնում է, որ այս կարգավորումը կնպաստի որակյալ գինու արտադրությանը։

«Խաղողի որթի և գինու մասին» օրենքում կատարվելիք փոփոխությամբ՝ խաղողի այգի հիմնելու համաձայնությունը կտա Գինու ազգային գործակալությունը։ Սա նշանակում է, որ գործակալությունը, որը մինչ այժմ ուներ միայն վերահսկողի գործառույթ, այժմ կլինի նաև շուկայի մուտքի կարգավորող։

Նոր կարգավորմամբ՝ այն անձը, որն առանց համաձայնության, ինքնակամ կհիմնի խաղողի այգի, այլևս չի կարողանա վաճառել այգուց ստացված խաղողը կամ գինին։

«Ձեռնարկատիրական այգի հիմնելու համար համաձայնություն ստանալու կարիք կունենան այն անձինք, որոնք այս տարվա մայիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում կորոշեն կոմերցիոն նպատակներով խաղողի այգի հիմնել։ Ֆերմերը պետք է պահպանի ագրոտեխնիկական բնութագրերը, սորտային մաքրությունը, այգու հիմնման տեխնոլոգիան ու տեխնիկան։ Վճռորոշ են հողը և այն վայրը, որտեղ հիմնում ենք այգին, քանի որ հենց տեղածինն է (տերուարը) որոշում գինու որակը։ Նմանատիպ կարգավորում վաղուց գործում է եվրոպական գինեգործական առաջատար երկրներում», — ասված է տեղեկության մեջ։

Նշենք. Վրաստանը անցյալ տարի Ռուսաստանի Դաշնություն է արտահանել 171 մլն դոլարի գինի։ Երկրորդ տեղում Լեհաստանն է՝ 17 մլն դոլարով, երրորդում Ուկրաինան՝ 13 մլն դոլարով։ Չինաստանում և Ղազախստանում վաճառվել է, համապատասխանաբար, 10 և 9 մլն դոլարի գինի։