Վրաստանի խորհրդարանի բյուրոն հաստատել է տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի կազմը, և Լիտվան, Լատվիան ու Էստոնիան չեն ներառվել այդ ցուցակում։
Խորհրդարանի բյուրոն պարզաբանել է, որ քաղաքական որոշում կա Բալթյան երկրների հետ բարեկամության խմբեր ստեղծելու վերաբերյալ, բայց իշխող կուսակցության պատգամավորներից ոչ ոք չի ցանկանում աշխատել այդ խմբերում։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ դա բնական արձագանք է «վրաց ժողովրդի նկատմամբ այդ երկրների անբարյացակամ քաղաքականությանը»։
Հատկանշական է, որ «անբարյացակամ քաղաքականություն» ասելով նկատի է առնվում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կոշտ քննադատությունն ուղղված «Վրացական երազանք»-ի կառավարությանը, ժողովրդավարությունից նահանջելու մեղադրանքները և վրացի պաշտոնյաների նկատմամբ Բալթյան երկրների կիրառած պատժամիջոցները։