Խոշոր եղջերավոր անասունի կատաղախտ է հաստատվել

Վրաստանի սննդի ազգային գործակալության Կախեթիի տարածաշրջանային վարչության որոշմամբ՝ Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետի Փիրոսմանի գյուղում կարանտին է հայտարարվել։ Պատճառը խոշոր եղջերավոր անասունների մոտ կատաղախտի լաբորատոր հաստատումն է։

Գործակալության տեղեկությամբ՝ տեսուչները կենդանու նկատմամբ վերահսկողություն են սահմանել ստացված հաղորդման հիման վրա։ Կենդանու մոտ նկատվել են հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններ՝ առատ թքարտադրություն, անհիմն ագրեսիա, ախորժակի կորուստ և կոորդինացիայի խախտում։

Հիվանդության հաստատումից անմիջապես հետո տեղեկությունը փոխանցվել է առողջապահության տեղական ծառայությանը։ Այս պահին Փիրոսմանի գյուղում և հարակից տարածքում (3 կիլոմետր շառավղով) իրականացվում են հետևյալ միջոցառումները.

• Վարակի օջախի ախտահանում,

• Հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների հարկադիր պատվաստում,

• Կենդանիների տեղաշարժի վերահսկում,

• Հիվանդ կենդանու հետ շփված կենդանիների հսկողություն։

Գործակալության տվյալներով՝ մունիցիպալիտետում արդեն պատվաստվել է տարբեր տեսակի շուրջ 4500 կենդանի։

Սննդի ազգային գործակալության պարզաբանմամբ՝ երկրում կատաղության դեմ կանխարգելիչ միջոցառումներն ընթանում են ինտենսիվ կերպով։ Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին, 2012 թվականի համեմատ, կատաղության դեպքերը երկրի մասշտաբով նվազել են 93%-ով։