ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, այցելել է օկուպացիոն գիծ: Նա լուսանկար և գրառում է տեղադրել X հարթակում:
Էլինա Վալտոնենը գրել է, որ Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը.
«Այսօր ես անձամբ ականատես եղա Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության գերազանց աշխատանքին՝ տեղական բնակչությանը օգնելու և կայունությունը պահպանելու առումով: ԵԱՀԿ-ն և մեր հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շպետը սերտորեն համագործակցում են այս կարևոր առաքելությանն աջակցելու համար:
Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ ճիշտ այնպես, ինչպես սահմանված է Հելսինկիի սկզբունքներում:
Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և իր ուժերը դուրս բերել նախահակամարտային դիրքեր», — գրել է ԵԱՀԿ գործող նախագահը: