Նախագահը հանդիպել է ընդդիմադիր պատգամավորների հետ

Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորները երեկ՝ սեպտեմբերի 11-ին, նախագահական նստավայրում հանդիպել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Հանդիպումից հետո ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին ասել է՝ նախագահը մտահոգված է, որ կառավարությունը դիտավորյալ վիժեցնում է եվրաինտեգրման գործընթացը։

«Եվրոօպտիմիստներ» քաղաքական խմբի անդամ Խատիա Դեկանոիձեի խոսքով, ինքը Զուրաբիշվիլիին ասել է, որ չի պատրաստվում աջակցել նախագահի պաշտոնանկության գործընթացին:

«Կարծում եմ, որ նախագահի պաշտոնանկությունը հակաարևմտյան քաղաքականության և քարոզչության մի մասն է, որը վարում է «Վրացական երազանքը»։ Նախագահը շարունակում է ակտիվ միջազգային քարոզարշավն ու աշխատանքը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու համատեքստում»,- ասել է Դեկանոիձեն։

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» կուսակցության անդամ Անա Բուչուկուրին նշել է, որ զրույցի ընթացքում անդրադարձել է եվրաինտեգրման գործընթացի խթանմանը։

Ի դեպ, սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների իսկությունը, ինչը անհրաժեշտ նախադրյալ է եղել փաստաթուղթը դատարան ուղարկելու համար։  Զուրաբիշվիլիի դեմ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրել է խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավոր։ 

«Վրացական երազանքը» սկսել է նախագահի պաշտոնանկության ընթացակարգը, քանի որ, ըստ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, Զուրաբիշվիլին «կոպտորեն խախտել է» Վրաստանի սահմանադրությունը և առանց կառավարության համաձայնության մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ։

Սահմանադրական դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 50 պատգամավորի համաձայնությունը։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետում պետք է իր եզրակացությունը ներկայացնի խորհրդարան, իսկ դրանից հետո խորհրդարանը պետք է քաղաքական վճիռ կայացնի ու որոշի քվեարկության դնել նախագահի պաշտոնանկության հարցը։

Այս գործընթացին զուգահեռ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպական մայրաքաղաքներում։

Նախագահի պաշտոնանկության համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի համաձայնությունը: Վրաստանի 150 հոգանոց խորհրդարանն այսօրվա դրությամբ ունի 140 ակտիվ պատգամավոր։ Խորհրդարանական մեծամասնության կազմում ընդգրկված է ավելի քան 80 պատգամավոր, իսկ խորհրդարանական ընդդիմության կազմում՝ 56։