Վրաստանում միասնական քննություն հանձնած դիմորդի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վրաստանում միասնական ազգային քննություն հանձնած դիմորդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Այս մասին ասել են հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի և  Քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեի համատեղ ասուլիսի ընթացքում:

Դիմորդն, ամենայն հավանականությամբ, վարակվել է ընտանիքի անդամներից: Նրա կոնտակտներն արդեն բացահայտված են, 9 դիմորդ հսկողության տակ է գտնվում:

Դիմորդի մոտ վարակը հաստատվել է  հուլիսի 7-ին` քննությունը հանձնելուց հետո: Նրա մոտ քննության օրը բարձր ջերմություն չի նկատվել: Ըստ վարակաբանների` այս փաստը քննությունների անցկացմանը չի խանգարելու, քանի որ երկրում ստեղծված են բոլոր պայմանները`միասնական քննություններն անվտանգ միջավայրում անցկացնելու համար: Քննությունները սկսվել են հուլիսի 6-ին, ավարտվելու են հուլիսի 25-ին: Մասնակցում  են ավելի քան 55 հազար դիմորդ: Երկրում 24 քննական կենտրոն է բացվել: Քննության պրոցեսն անցնում է համաճարակաբանների խորհրդատվությունների պահպանմամբ.  37,5-ից բարձր ջերմություն ունեցող դիմորդները քննության չեն մասնակցում:

Լուսանկարը` Քննությունների ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից