Վրաստանում սխալ են հասկացել արգելքների վերացումը. վարակաբաններ

Վրաստանում հանվել են  սահմանափակումները, որոնք խանգարում են մարդկանց բնականոն կյանքին, բայց ոչ պարտավորությունները` ասում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով ՝ կորոնավիրուսային դեպքերի աճի պատճառներից մեկը դելտա շտամի տարածումն է: Ապացուցված է, որ դելտա շտամն ավելի հեշտ է փոխանցվում և արագ տարածվում, ավելի ծանր ընթացք ունի և գրեթե կրկնապատկում է հոսպիտալացումների և մահերի թիվը:

Ըստ վարակաբանի` երկրորդ պատճառն այն է, որ բնակչությունը սխալ է հասկացել  սահմանափակումների վերացումը: Առողջապահության ոլորտը դեռ դիմանում է աճող ծանրաբեռնվածությանը և կառավարում հիվանդների հոսքը: Մասնագետը կրկին հորդորում է` որոշ ժամանակ զերծ մնալ զանգվածային հավաքներից:

Համաճարակի ողջ ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակի 419.534 դեպք, 382.393 հիվանդի հաջողվել է հաղթահարել վարակը, 5.820 -ը մահացել է: