Թբիլիսին Չինաստանից օրական 10 չվերթ է ակնկալում

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, ցանկություն կա Չինաստանից Վրաստան օրական ավելի քան 10 չվերթ իրականացնել։

Ըստ նրա՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Չինաստան այցից հետո նախատեսվում էր իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք, ըստ Դավիթաշվիլիի՝ պետք է լուրջ խթան հանդիսանան վրացական տնտեսության համար։ Զբոսաշրջության ոլորտը, ըստ էկոնոմիկայի նախարարի՝ այն ոլորտն է, որտեղ Վրաստանի կառավարությունը զարգացման ներուժ է տեսնում։

«Չինաստանն աշխարհի ամենամեծ տուրիստական ​​շուկան է, թերևս` բոլորին ցանկալի տուրիստական ​​շուկան, և մեզ համար շատ կարևոր է, որ այս շուկայի որոշ մասնաբաժին հասնի նաև Վրաստան»,- ասել է Դավիթաշվիլին։

Նրա խոսքով, Չինաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը զբոսաշրջիկների ներգրավման կարևոր քայլերից մեկն էր։ Չինաստանի քաղաքացիները կարող են Վրաստանում մնալ առանց վիզայի 30 օր։ Չինական China Southern Airlines ավիաընկերության հետ աշխատանքը շարունակվում է թռիչքների քանակի ավելացման ուղղությամբ։

Ի դեպ, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում ասել է, որ կստորագրի համապատասխան որոշումը, և Չինաստանի քաղաքացիները կկարողանան Վրաստան մուտք գործել առանց վիզայի։

Հուլիսի 29-ին Չինաստան կատարած իր մեկշաբաթյա այցի ընթացքում Ղարիբաշվիլին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինին և հայտարարել, որ Վրաստանն ու Չինաստանը դառնում են ռազմավարական գործընկերներ։

Վերլուծաբանների մի մասը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու որոշումն ընկալում է որպես Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության ևս մեկ ապացույց, իսկ մյուս մասը՝ արևմտյան գործընկերներին «շանտաժի ենթարկելու» փորձ։