Առանց վիզայի ռեժիմ Չինաստանի քաղաքացիների համար

Չինաստանի քաղաքացիները կկարողանան Վրաստան այցելել առանց վիզայի, կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, համապատասխան փաստաթուղթը կստորագրվի այսօր: Նա նշել է, որ քննարկվում է նաև դեպի Չինաստան չվերթերի ավելացման հարցը։

«Որոշում ենք կայացրել Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ կիրառել: Համապատասխան հրամանագիր կհրապարակենք, իհարկե, դա կարևոր կլինի, խթան կհանդիսանա, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան Վրաստան։

Ուզում եմ ասել, որ չինացի զբոսաշրջիկները աշխարհի ամենացանկալի զբոսաշրջիկներից են Եվրոպայում, Ամերիկայում, ամենուր։ Ունենք նաև ուղիղ չվերթեր։ Ես Չինաստանի վարչապետի հետ զրուցել եմ զբոսաշրջության ու թռիչքների մասին»,- ասել է  Ղարիբաշվիլին։

Հուլիսի 29-ին Չինաստան կատարած իր մեկշաբաթյա այցի ընթացքում Ղարիբաշվիլին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինին և հայտարարել, որ Վրաստանն ու Չինաստանը դառնում են ռազմավարական գործընկերներ։

Վերլուծաբանների մի մասը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու որոշումն ընկալում է որպես Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության ևս մեկ ապացույց, իսկ մյուս մասը՝ արևմտյան գործընկերներին «շանտաժի ենթարկելու» փորձ։