Ո՛չ ռուսական օրենքին. բողոքի ակցիա օպերայի և բալետի թատրոնի դահլիճում

Լուսանկարը՝ mtavari.tv-ից

Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգից հետո Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի դահլիճում ներկաներից ոմանք ծածանել են Եվրամիության դրոշը և վանկարկել՝ «Վրաստա՛ն», «Ո՛չ ռուսական օրենքին»։

Համերգին ներկա են եղել նաև Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ։

Նշենք նաև, որ այս պահին «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող խաղաղ ցուցարարները փակել են Թբիլիսիի Հերոսների հրապարակն ու հարակից տարածքի ճանապարհը, երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։