ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 32-րդ նստաշրջանում ընդունվել է Վրաստանի վերաբերյալ բանաձև։
Ըստ Հռչակագրի` վեհաժողովն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և քննադատում երկրում ժողովրդավարական հետընթացի գործընթացը։ ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել «Վրացական երազանք»-ին` ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և անցկացնել նոր, արդար ընտրություններ։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ, որը բնութագրվում է ժողովրդավարական հետընթացի աճով, քաղաքական բևեռացման խորացմամբ և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի և լրատվամիջոցների անկախության սահմանափակումների աճով։ Վեհաժողովը դատապարտել է քաղաքական դրդապատճառներով կալանավորումները և դատական միջամտությունը, որոնք խաթարում են ժողովրդավարական կառավարումը և Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված եվրոպական ձգտումները։
Վեհաժողովը կոչ է արել Վրաստանի իշխանություններին լիովին կատարել իրենց պարտավորությունները՝ ապահովելու համար, որ քաղաքացիական հասարակությունը, անկախ լրատվամիջոցները, ակտիվիստները և ցուցարարները կարողանան ազատորեն գործել։