Վրաստանն ունի լավագույն պաշտպանական ուժերից մեկը. Չաչիբայա

Այսօր՝ մարտի 29-ին կայացած խորհրդարանի լիագումար նիստին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, պաշտպանության ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Չաչիբայան ի պատասխան ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության անդամ Պաատա Մանջգալաձեի այն հարցին, թե արդյոք Վրաստանը մտադիր է պաշտպանվել ռուսական ագրեսիայի դեպքում՝ ասել է, որ ցանկացած ագրեսիայի դեպքում Վրաստանի պաշտպանության ուժերը կպատասխանեն ագրեսորին։

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այսօր Վրաստանն ունի լավագույն պաշտպանական ուժերից մեկը, խիզախ զինվորներ, ովքեր ցանկացած ագրեսիայի դեպքում կպատասխանեն ցանկացած ագրեսորի։ Իսկ երկրում խաղաղություն և կայունություն հաստատելը մեր կառավարության գերագույն պարտականությունն է, որը, կարծում եմ, հաջողությամբ կատարում է»,- ասել է Չաչիբայան։

Նշեք, որ Վլադիմիր Չաչիբայան 2008-2009 և 2016-2018 եղել է Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետը, իսկ 2018-2020 թվականներին պաշտպանական բարեփոխումներից հետո եղել է Վրաստանի պաշտպանության ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Ներկայումս Վլադիմիր Չաչիբայան Վրաստանի խորհրդարանի անդամ է։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից չորս օր անց Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ օկուպանտից մի քանի րոպե կպահանջվի Վրաստանը գլխիվայր շուռ տալու համար։