ԵՔԽ ձևաչափը չի փոխում Վրաստանի հանդեպ ԵՄ-ի առկա դիրքորոշումները. Դանիայի ԱԳՆ

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այսօր` հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայանալիք Եվրոպական քաղաքական խորհրդի (ԵՔԽ) նիստին Վրաստանի մասնակցության վերաբերյալ։

Նախարարության հաղորդմամբ՝ ԵՔԽ ձևաչափը չի փոխում Եվրամիության (ԵՄ) առկա դիրքորոշումներն ու քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։

«Եվրոպական քաղաքական խորհուրդը ԵՄ ձևաչափի նիստ չէ։ ԵՔԽ ձևաչափը չի փոխում ԵՄ-ի առկա դիրքորոշումներն ու քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։ ԵՄ-ն և Դանիան բազմիցս մտահոգություն են հայտնել Վրաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման և ժողովրդավարական համատարած նահանջի վերաբերյալ։

Դանիան պահպանում է ԵՔԽ մասնակցության ձևաչափը, որը սահմանել էին նախորդ վեց ԵՔԽ երկրները, այդ թվում՝ 2025 թվականի մայիսին Ալբանիայում կայացած վերջին նիստում։ Հետևաբար, Կոպենհագենում կայանալիք ԵՔԽ նիստին Վրաստանը հրավիրվել է բացառապես այս ձևաչափը հաշվի առնելով», — ասված է հայտարարության մեջ։