Վրաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Պավել Հերչինսկու խոսքով՝ նոյեմբերի 4-ին հրապարակված ԵՄ ընդլայնման զեկույցը կործանարար է Վրաստանի եվրոպական ձգտումների առումով։
«Ինձ համար՝ որպես Վրաստանում ԵՄ դեսպանի, հեշտ չէ ներկայացնել այս տարվա զեկույցը։ Ցավոք, զեկույցի արդյունքները կործանարար են Վրաստանի եվրոպական ձգտումների առումով։ Ճշմարտությունն այն է, որ Վրաստանն այսօր ավելի հեռու է ԵՄ անդամակցությունից, քան 2023 թվականին, երբ նրան շնորհվեց թեկնածուի կարգավիճակ։ Անցած տարվա ընթացքում Վրաստանում հետընթացի մակարդակը կատարելապես աննախադեպ է», — ասել է Պավել Հերչինսկին։
Դեսպանի խոսքով՝ մինչ Վրաստանի իշխանությունները որոշեցին հեռանալ ԵՄ-ից, մյուս թեկնածու երկրներն առաջ են շարժվել իրենց բարեփոխումների և անդամակցության գործընթացներում։
«Ի տարբերություն Վրաստանի, նրանք ներկայում վայելում են ԵՄ-ի հետ աստիճանական ինտեգրման առավելությունները։ Ցավոք, կառավարության ընտրած ուղղության պատճառով, Վրաստանի բնակչությունն ու բիզնեսները, ի թիվս այլ բաների, զրկվում են երկիրը արդիականացնելու համար անհրաժեշտ միջոցներից», — ասել է դեսպանը։
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2025 թվականի ընդլայնման զեկույցը, որի համաձայն՝ Վրաստանը որևէ առաջընթաց չի գրանցել ԵՄ անդամակցության ճանապարհին, և նրա թեկնածուի կարգավիճակը կրում է միայն «ձևական» բնույթ։ Հանձնաժողովը վերահաստատել է իր համերաշխությունը Վրաստանի ժողովրդին։