ԵՄ-ում մտահոգիչ միտումներ կան ժողովրդավարության առումով. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ՝ այսօր Եվրամիությունում մտահոգիչ միտումներ կան ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով։

Կոբախիձեն հույս ունի, որ մինչև 2030 թվականը, «երբ Վրաստանը պատրաստ լինի անդամակցության», Եվրամիության ժողովրդավարական համակարգը «կվերականգնվի», և մարդու իրավունքները «ավելի լավ կպաշտպանվեն»։

«Մինչև 2030 թվականը մենք լիովին պատրաստ կլինենք Եվրամիությանն անդամակցությանը։ Գլխավորն այն է, որ այդ ընթացքում Եվրամիությունում գործընթացները նույնպես կընթանան այլ ուղղություններով։ Այսօր միտումները մտահոգիչ են. ժողովրդավարության, մարդու իրավունքների և տնտեսության առումով, ցավոք, Եվրամիությունում բոլոր ուղղություններով հետընթաց է նկատվում։ Մենք հույս ունենք, որ մինչև 2030 թվականը, երբ մենք պատրաստ լինենք Եվրամիությանն անդամակցությանը, Եվրամիությունում այս միտումները կփոխվեն, և Եվրամիության ժողովրդավարական համակարգը կվերականգնվի, մարդու իրավունքները ավելի լավ կպաշտպանվեն, և տնտեսությունը կամրապնդվի», — ասել է Կոբախիձեն։