ՌԴ 13 հազար քաղաքացի Վրաստանի քաղաքացիություն է ստացել

Վերջին 21 ամսում Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 24 հազար 386 քաղաքացի, գրել է bpn.ge լրատվականը՝ վկայակոչելով արդարադատության նախարարության տվյալները:

Վիճակագրական տվյալներն ընդգրկում են 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածը։ Այդ տվյալներից՝ 2022 թվականին քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 17 հազար 091 քաղաքացի, իսկ 2023 թվականին՝ 7 295-ը։

2022 թվականի փետրվարի 24-ից, այսինքն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սանձազերծելուց հետո, Վրաստանի քաղաքացիություն ստանալու 24 հազար 386 դիմումներից 13 հազար 120-ը բավարարվել է, 8 հազար 889-ը չի բավարարվել, իսկ մյուս դիմումները  քննարկման տարբեր փուլերում են:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատը՝ 12 հազար 265 դիմում ՌԴ քաղաքացիների կողմից ներկայացվել է Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու շարժառիթով (Վրաստանի քաղաքացի է, և միևնույն ժամանակ ունի այլ երկրի քաղաքացիություն), որին հաջորդում է բացառիկ ձևով Վրաստանի քաղաքացիություն ստանալու դիմումը՝ 8 377, 3-րդ տեղում՝ Վրաստանի քաղաքացիության վերականգնման ժամանակավոր իրավունքի խնդրանք (նախկին քաղաքացի), նմանատիպ դիմում է ներկայացրել Ռուսաստանի 3 695 քաղաքացի։